Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Ստի դղյակները՝ մարդկային ողբերգության վրա

(Մեսխեթցի թուրքերի, Խոջալիի և Բաքվի պրոպագանդայի մասին)

Георгий Деев

Գեորգի Դեյեվ

Մեսխեթցի թուրքերի հետ առաջին անգամ ծանոթացա նրանց աջակցմանը նվիրված հանրահավաքին, որը կազմակերպել էր Անդրեյ Բաբուշկինը՝ 80-ականների վերջի և 90-ականների սկզբի Մոսկվայի դեմոկրատական շարժման ակտիվիստներից մեկը: Հիշում եմ՝ հանրահավաքն անցնում էր Ֆոնվիզինի փողոցի մոտակայքում: Միջոցառմանը ներկա էին փախստականներ Ֆերգանայից, ինչպես նաև Սումգայիթից և Ադրբեջանի այլ շրջաններից փախած մեծ թվով հայեր: Դարձյալ համոզվեցի, որ, չնայած իրենց հակաթուրքական զգացումներին (իսկ Սումգայիթից հետո՝ նաև համաադրբեջանական) հայերը չունեն համատարած մի հակաթյուրքիստական, առավել ևս՝ հակամուսուլմանական տրամադրվածություն: Նրանք սրտակցումով լսում էին սարսափելի ջարդը վերապրածների պատմությունները, և այդ վկայությունները նրանց հիշողության մեջ արթնացնում էին Սումգայիթում տեսած հակահայկական վայրագությունները: Հանրահավաքին ներկա էին բավական մեծ թվով տարեց մոսկվացիներ, կային նաև այլ քաղաքներից ժամանածներ:
Շատ ժամանակ չի անցել այն օրվանից՝ ընդամենը մի 10 տարի, բայց դժվար է համեմատել այն ժամանակվա տրամադրությունն ու մարդկանց ռեակցիաները այսօր եղածի հետ: Մենք դարձել ենք ավելի անտարբեր, կոպիտ, գուցե նույնիսկ անսիրտ, գթազուրկ՝ այն ժամանակվա համեմատ: Դեպի աշխարհ պատուհանը՝ մեր հեռուստացույցը, ինչեր ասես որ ցույց չի տվել մեզ այս տարիների ընթացքում՝ պայթյուններ, սպանություններ, պատանդներ, հաշվեհարդարներ, տեռորիստական ակտեր, Բուդյոնովսկ, Չեչնյա…
Ովքեր հիշում են այն ժամանակվա Մոսկվան՝ գիտեն, որ հանրահավաքի ավարտից հետո բոլորը չէ, որ հեռանում էին: Մնացողների մի մասը խմբերի էր բաժանվում ու մինի-միտինգներ անում՝ քննարկումներ ծավալում, տեզիսներ առաջ քաշում կամ հերքում: Այդ մինի-հանրահավաքները իրենց կառուցվածքն ունեին. որպես կանոն, հետաքրքիր ոմն մեկը հայտնվում էր ուշադրության կենտրոնում և մտքեր արտահայտում, որոնց էլ արձագանքում էր շրջապատը: Մեր հասարակությունը բավական շերտավորված է (“ամեն թռչուն իր երամի հետ է թռչում”), սակայն այն տարիների հավաքներին հաճախ դեմ-դիմաց հանդիպում էին ամենատարբեր սոցիալական շերտերին պատկանող, տարբեր մասնագիտությունների և տարբեր կրթության տեր մարդիկ: 
Մեսխեթցի թուրքերին նվիրված հանրահավաքում իմ ուշադրությունը գրավեց երկու խումբ՝ դրանցից մեկը գլխավորում էր, ինչպես հետո պարզվեց, մի ազգագրագետ, իսկ մյուսը՝ դպրոցի ուսուցիչ: Ազգագրագետից նույն օրը տեղեկացա 70-ականների վերջին և 80-ականների սկզբին մասնագետների կողմից ազգային հարցի վերաբերյալ ԽՄԿԿ ԿԿ ուղարկվող զեկույցների մասին: Այն ժամանակ շատ բան արդեն պարզ էր գիտակների համար: Սակայն կուսակցական չինովնիկությունը կորցրել էր արձագանքելու ունակությունը, իսկ, ինչպես հայտնի է կենսաբանությունից, զգայունության կորուստն ու ո՛չ ադեկվատ ռեակցիան, սովորաբար, նախորդում են մահվանը՝ լինի դա առանձին օրգանիզմ թե ամբողջ մի տեսակ: Ազգագրագետը համոզված էր, որ ջարդերի պատճառը արտաքին գործոնն է՝ մեսխեթցիները չէին դիմակայում որևէ այլ էթնիկական խմբի, չունեին գերիշխող տնտեսական դիրք և երբեք հանդես չէին գալիս ընդդեմ որևէ մեկի: Ի՞նչու հենց մեսխեթ թուրքերը՝ զարմացած հարցնում էր ազգագրագետը՝ չգտնելով և ոչ մի համոզիչ պատասխան:

Մյուս կողմում էլ մեկ ուրիշ մինի-հանրահավաք էր, որտեղ դպրոցական ուսուցիչը ապացուցում էր, որ, որպես կանոն, վայրագությունների դիմում են հիվանդ մարդիկ: Առողջ մարդը կարող է ծեծել, վիրավորել և նույնիսկ, աֆեկտի ազդեցության տակ, սպանել, վստահեցնում էր նա, բայց կտրել կենդանի մարդու վերջույթները, ու հետո էլ վառել՝ դա արդեն հիվանդության նշան է: Ուսուցչի դիրքորոշման սկզբնաղբյուրը ակնհայտ էր. այն ժամանակ մեզնից շատերի մոտ դեռ ուժեղ էր “մենք”-ի գիտակցումը: Մենք, սովետական մարդիկ, նույն երկրի քաղաքացիներս: Նրանք, ով սպանում ու հրկիզում էին Ֆերգանայում՝ չէ՞ որ դա էլ էինք “մենք”: Պետք էր դրանցից ինչ-որ կերպ զատվել, առանձնանալ: Ամենահեշտը նրանց հիվանդ հայտարարելն էր: Ադրբեջանից փախածները չէին համաձայնվում ուսուցչի հետ: “Ի՞նչ է՝ բոլորը հիվա՞նդ էին Սումգայիթում”, հարցրեց նրանցից մեկը՝ խոսելով այդ քաղաքում մարդկանց հրկիզման ժողովրդականության մասին:
Պետք է ասել, որ Ֆերգանայի դեպքերից հետո, ի տարբերություն սումգայիթյան իրադարձությունների, այդուամենայնիվ, իշխանավորները ընդունեցին դավադրության առկայությունն ու հանցագործության կազմակերպված բնույթը: Թեև այստեղ էլ փորձ արվեց ամեն բան կապել անդեմ “կոռումպացված շրջանների” հետ:
Խորհրդային պրոպագանդան անմիջապես օգտագործեց Ֆերգանայի դեպքերը Ղարաբաղյան շարժումը “սևացնելու” նպատակով: Արվում էր դա հանրահայտ “ալպինիստական” ձևով՝ միասնական հանգույցի միջոցով: Առաջին ազդանշանը հնչեց Ժողովրդական դեպուտատների համագումարում՝ առայժմ “փափուկ” ձևով ու “հումանիստական” մատուցմամբ: Մի խումբ դեպուտատներ դիմեցին բոլորին՝ թե՛ Ֆերգանայում և թե՛Լեռնային Ղարաբաղում, կոչ անելով զերծ մնալ ազգային երկպառակությունից: Այդ կոչը հումանիստական էր, սակայն հումանիստական չէր “ֆերգանան” ու  “Ղարաբաղը” միացնելու ձգտումը: Բայց հենց դա էլ պետք էր սովետական պրոպագանդային՝ մի շղթայով կապած Ղարաբաղն ու Ֆերգանան:
Լեռնային Ղարավաղի բնակչությունն իսկույն հասկացավ այդ կապակցման քաղաքական իմաստը: Ընտրողների անունից հեռագիր ստացվեց համագումարի Ղարաբաղի դեպուտատ Դադամյանի անունով, որում ընտրողները բողոքում էին ակնհայտորեն գաղափարախոսական՝ “Ղարաբաղ” և “ֆերգանա” կապակցման դեմ: Սակայն խորհրդային քարոզչական մեթենան արդեն թափ էր հավաքում: Ահա, թե ինչ էր գրում, օրինակ, “Կոմսոմոլսկայա պրավդա”-ն (17.06.89).

“Չարի արմատները անհամեմատ ավելի խորն են ընկած: Այնպես որ, պետք չէ ոչինչ պարզեցնել, այլ անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով գտնել այն հարցի պատասխանը, թե ում էր պետք ազգային երկպառակությունը՝ սկզբում Լեռնային Ղարաբաղում, հետո՝ խռովությունները Թբիլիսիում և հիմա՝ Ֆերգանայի մարզում”: Ուշադրություն դարձրե՛ք՝ “սումգայիթը” իր հրկիզումներով, դանակներով, եռջրով և մետաղյա ձողերով չի էլ հիշատակվում այս ցանկում:
Դա մի ժամանակ էր, երբ Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղյան հիմնախնդրի արագ “դեմոգրաֆիական” լուծման ջղաձիգ փնտրտուքի մեջ էին՝ դուրս մղելու, արտաքսելու հայերին Ղարաբաղից: Հենց այս նպատակով էր օգտագործվում այդ տարի ԼՂԻՄ սոցիալ-տնտեսական զարգացման համար Մոսկվայից հատկացված գրեթե ողջ գումարը: Այդուհանդերձ, չէր հաջողվում հասնել ժողովրդագրական այդքան բաղձալի կտրուկ բեկման հօգուտ ադրբեջանցիների:

Ադրբեջանի կոմկուսի XXII համագումարում կոմկուսի առաջին քարտուղար Այազ Մութալիբովը նշեց իր ելույթում, որ հանրապետությունում “բացակայում է գիտականորեն հիմնավորված տարածաշրջանային քաղաքականությունը” և կոչ արեց նոր պրակտիկ միջոցառումներ ձեռնարկել “ԼՂԻՄ ադրբեջանական գյուղերում”: “Մի խոսքով, եթե վճռական միջոցներ չձեռնարկվեն, ապա շատ գյուղեր, ըստ էության,կկործանվեն”, նշում էր Մութալիբովը ("Բակինսկի ռաբոչի", 09.06.90). “Վճռական միջոցների” թվում էր նաև մեսխեթցիների հետ կապված դիվային պլանը. հանրապետության ղեկավարությունը որոշել էր իրականացնել մեսխեթ թուրքերի զանգվածային վերաբնակեցում Ղարաբաղում (այդ թվում Խոջալիյում, որը, ըստ ղեկավարների խորամանկ պլանների, պիտի հրատապ կերպով վերածվեր “քաղաքի”): Մշակվել էր հատուկ ծրագիր, որի իրականացման համար ստեղծվել  էր հանրապետական շտաբ Աղդամում: Այդպես, մեսխեթցի թուրքերը հայտնվեցին Ադրբեջանի ղեկավարների ժողովրդագրական ավանտյուրայի կենտրոնում:
Մեսխեթցիներին դժվար էր թե՛ Մոսկվայում և թե՛ երկրի մյուս քաղաքներում, որտեղ նրանք հայտնվեցին ջարդերից հետո: Ո՛չ փող կար, ո՛չ կացարան, իշխանությունները դիմադրում էին նրանց աշխատանքի տեղավորվելուն: Մարդիկ հայտնվել էին անելանելի իրավիճակում: Այդ ամենը ցինիկորեն հաշվարկվել էր Բաքվում: Մեսխեթ թուրքերին արված առաջարկը վատը չէր. նրանց ընտանիքներին անվճար տեղափոխում էին Ղարաբաղ, վճարում միանվագ, բայց պատկառելի մեկնադրամ և անմիջապես կացարաններ տրամադրում գյուղերում, որտեղից մինչ այդ արտաքսվել էին հայերը: (Օրինակ, հայերի վտարումից հետո մեսխեթներով բնակեցվեց նախկին հայաբնակ Հայբուլաշենը և մի շարք այլ գյուղեր): Տրամադրվում էր շինանյութ, ղեկավարությունը խոստանում էր հող և աշխատանք: Հնարավոր վտանգների առումով մեսխեթներին համոզեցին, որ հայերի ճակատագիրը արդեն որոշված է, և որ նրանք շուտով վերջնականապես վտարվելու են Ղարաբաղից: Այնժամ, ադրբեջանցիներն ու մեսխեթցի թուրքերն են դառնալու Ղարաբաղի տերերը:
Մի՛ շտապեք մեղադրել մեսխեթցիներին՝ պետք էր իմանալ նրանց հուսաբեկ վիճակը՝ հասկանալու համար, թե ինչու նրանք հեշտությամբ ներքաշվեցին ադրբեջանական իշխանությունների վտանգավոր ավանտյուրայի մեջ:

Մեսխեթցիների վերաբնակեցումը, գրեթե սկզբից, տագնապ առաջացրեց Մոսկվայի հայկական համայնքում: Անկեղծ ասած՝ ես ապշած էի, թե ինչ արագությամբ այդ ինֆորմացիան՝ մանրամասներով, հայտնվեց մոսկվայաբնակ հայերի մոտ: Շատ շուտով նրանք արդեն ձեռքի տակ ունեին մանրամասն քարտեզներ՝ ղարաբաղյան այն գյուղերով, որտեղ վերաբնակեցվում էին մեսխեթ թուրքերը: Առայսօր մոտս եմ պահում այդ քարտեզներից մեկի պատճենը:

1990 թվականին հայ ակտիվիստները ցուցադրեցին Ղարաբաղի այդ քարտեզով ցուցապաստառը (մեսխեթցի թուրքերով վերաբնակեցված շրջանները՝ շտրիխավորված) հումանիտար խնդիրների շուրջ Մոսկվայում անցկացվող մի կոնֆերանսում, որին մասնակցում էին հյուրեր Եվրոպայի տարբեր երկրներից: Ինձ պատմում էին, որ ցուցապաստառն առաջացրեց մեսխեթցի թուրքերի “Վաթան” (“Հայրենիք”) մոսկովյան կազմակերպության ղեկավար Յուսուֆ Սարվարովի դժգոհությունը:
Հայ ակտիվիստները առիթ էին փնտրում հանդիպելու մեսխեթցի թուրքերի ղեկավարների հետ: Եվ, վերջապես, այդ հանդիպումը կայացավ: Յուսուֆ Սարվարովի տեղակալի հետ հանդիպեց երեք հոգանոց մի պատվիրակություն, որի կազմում էր Մոսկովայի հայկական համայնքի հեղինակավոր գործիչներից մեկը՝ Գեղամ Խալաթյանը, ինչպես նաև “Ղարաբաղ” կոմիտեի անդամ, Երևանի ապագա քաղաքապետ, ներկայումս հանգուցյալ Համբարձում Գալստյանը: Երրորդ անձի անունը չէի ուզենա նշել, բայց ասեմ, որ տարիներ անց նա դարձավ ՀՀ ամենաբարձրաստիճան պաշտոնյաներից մեկը: Մի խոսքով՝ ներկայացուցչական մի պատվիրակություն էր: Համբարձում Գալստյանը հարցրեց.
“Մի՞թե մեսխեթցի թուրքերը չեն հասկանում, որ նրանց ուզում են օգտագործել որպես կենդանի վահան”: Մեսխեթցի ակտիվիստը, սակայն, ժխտում էր կազմակերպված պլանի առկայությունն ու մեսխեթցի թուրքերի զանգվածային վերաբնակեցումը, թեև հնարավոր էր համարում առանձին ընտանիքների տեղափոխությունը: Ինչևէ, մի քանի ամիս անց, մեսխեթցիների տեղափոխումը հասավ այնպիսի չափերի, որ նույնիսկ “Վաթանի” առաջնորդները այլևս չէին ժխտում:
Ցավոք սրտի՝ տեղի ունեցավ այն, ինչ կանխատեսել էր Համբարձում Գալստյանը: Երբ իրավիճակը Շուշիում, Խոջալիում և Ղարաբաղի այլ շրջաններում սրվեց, ադրբեջանական շատ ընտանիքներ մեկնեցին բարեկամների մոտ: Իսկ մեսթեխցի թուրքերի հեռանալու հնարավորություններն անհամեմատ ավելի փոքր էին: Նրանց ճակատագիրը որպես այդպիսին չէր հետաքրքրում մարդկանց, որոնք մեսխեթցիներին ներքաշել էին տեղափոխման այդ ավանտյուրայի մեջ: Նրանք դարձան հակամութալիբովյան “կուսակության” ինտրիգների զոհը՝ այն ադրբեջանցիների հետ մեկտեղ, որոնք ինչ-ինչ պատճառներով չէին կարողացել ժամանակին հեռանալ: Նրանցից շատերին Մութալիբովի ադրբեջանցի հակառակորդները լկտիաբար գնդակահարեցին արդեն Աղդամի շրջանում՝ հարձակման անցած հայկական ուժերի թողած հումանիտար միջացքն անցնելուց հետո (տե՛ս Մութալիբովի հարցազրույցի հատվածը):
Իհարկե, համաշխարհային պատմության դարերի փորձը ցույց է տալիս, որ չկա սեփական ժողովրդի դեմ այնպիսի մի հանցագործություն, որին չդիմեն ամեն գնով իշխանության ձգտող մարդիկ: Բայց նույնիսկ այդ դառը փորձի ֆոնին Ադրբեջանում հակամութալիբովյան ուժերի գթազուրկ գործողությունը շոկ է առաջացնում: Հրեշավոր մի հանցագործություն՝ դժբախտ մարդկանց բազմության գնդակահարություն, մարդիկ, որոնց զգալի մասը մեսխեթ թուրքերն էին, որ զրկանքներով անցել էին հարձակվող հայերի տրամադրած հումանիտար միջանցքով: Հանցագործները բնավ էլ չստացան իրենց արժանի պատիժը: Ավելին, գործը փաստորեն կոծկվեց, չնայած որ ճշմարիտ ինֆորմացիային տիրապետում էին բավական թվով մարդիկ՝ մի շարք ադրբեջանական զինվորականներ, նախագահ Մութալիբովի շրջապատը, իրենք՝ հանցագործության կատարողները, մոսկվացի լրագրողների մի խումբ, որն այդ պահին հայտնվել էր “թեժ կետում” (էլ չասած Ղարաբաղի հայերի մասին): Հետագայում, Հեյդար Ալիևվի իշխանության գալուց հետո, երբ “Խոջալի” բնակավայրի անվան շուրջ ծավալվեց լայն պրոպագանդիստական արշավ, արդեն ոչ ոք չէր համարձակվում ասել ճշմարտությունը:
Մարդկային ողբերգությունը հիմք դարձավ լկտիությամբ աննախադեպ քարոզարշավի ծավալման համար: Եթե բացեք ադրբեջանական թերթերը, զարմանքով կհայտնաբերեք համեմատությունների մի շարք՝ Հիրոսիմա, Լիդիցե, Խոջալի: Ադրբեջանական իշխանությունները փորձեցին օգուտ կորզել անգամ մարդկային դժբախտությունից, սեփական քաղաքացիների անամոթ գնդակահարությունից:
Հեմինգուեյի գրվածքներից մեկում ես մի անգամ հանդիպեցի ապշեցուցիչ մի համեմատություն՝ “ձախորդ բռնավորի աչքերով”: Ինձ թվում է՝ այս համեմատությունը ադրբեջանական իշխանությունների պահվածքի բացատրության բանալին է: Նրանք աշխարհին են նայում ձախորդ բռնավորի աչքերով: Նրանք կոտորել տվեցին անպաշտպան կանանց, երեխաների, ծերերի, տղամարդկանց՝ բժիշկների, ուսուցիչների, բանվորների, գիտաշխատողների, որոնք անզոր էին որևէ կերպ դիմադրել՝ իրենց մասնագիտության և դաստիարակության բերումով: Ի՞նչ կարող էր, օրինակ, սանձազերծ ամբոխի դեմ անել Լենինի պողոտայում ապրող մաթեմատիկայի բաքվեցի ուսուցիչը: Դաժանաբար կազմակերպվեցին հայերի ջարդեր հանրապետության ողջ տարածքում: Դեմոգրաֆիական բեկում արձանագրելու համար ոչ մի մեթոդի առաջ կանգ չառնող ադրբեջանական իշխանությունները, խորամանկությամբ և խոստումներով, բերեցին մեսխեթցի թուրքերին Ղարաբաղ, մասնավորապես Խոջալի, կանգնեցնելով առանց այն էլ ռեպրեսիաների ենթարկված ազգությունը ևս մեկ ողբերգության առջև: Արդեն փլուզվող ԽՍՀՄ բանակի հետ միասին (“Կոլցո” օպերացիան) նրանք ոչնչացնում էին հայկական գյուղերի հայ բնակիչներին, այրում տները և մինչև վերջին մարդը արտաքսում: Շուշիում համազարկային կայանքներ տեղադրելով՝ հուժկու հրակոծության տակ էին պահում Ստեփանակերտի հայերին: Արյան մեջ թաթախեցին Ղարաբաղը՝ զայրացած մերժելով “հիմնախնդրի միջազգայնացումը” ու կոնֆլիկտի կարգավորմանը այլ երկրների մասնակցության հնարավորությունն ինքնին՝ հայտարարելով, որ միջազգայնացման գաղափարը ԱՄՆ հայկական լոբբիի ձեռնարկումն է: Ասելով, թե իբր Ղարաբաղը Ադրբեջանի ներքին գործն է: Խոսելով “ներքին գործի” մասին, նրանք դեռ հույս ունեին սեփական ուժերով լուծել հայերի հարցը:
Սակայն սխալվեցին իրենց հաշիվների մեջ: Չկարողացան մինչև վերջ հասցնել իրենց սև գործը:
Եվ երբ հակահարված ստացան, երբ Ղարաբաղի հայերը, Ադրբեջանի հայտարարած պատերազմից պաշտպանվելու իրավունքով, դուրս շպրտեցին բռնակալին երկրից, այնժամ ադրբեջանական իշխանությունները հանկարծ հիշեցին միջազգային հանրության մասին, սկսեցին բռնվել երկրների ու միջազգային կազմակերպությունների ղեկավարների փեշից: Կա արդյո՞ք ավելի անպատիվ, քամահրելի և անամոթ բան, քան բռնակալը, որ աղաչում է, որ ուրիշները գան ու օգնեն իրեն՝ վերջապես իրագործելու բաղձալի բռնությունը:
Կարծում եմ, շատ ադրբեջանցիներ, որոնք գոնե մի փոքր ծանոթ են Անդրկովկասի պատմությունը (հատկապես ռուսաստանաբնակ ադրբեջանցիները) երեսները ծռմռում են “ադրբեջանական ժողովրդի ռուսական գենոցիդի” մասին կարդալիս: Վստահ եմ՝ նրանց մեծամասնությանը խորթ է այսօր Բաքուն համակած անպատվաբեր հիստերիան: Կովկասի մյուս ժողովուրդների նման՝ ադրբեջանցիները չեն հարգում ճղճղանությունը, ունայն ու երկար-բարակ բողոքները՝ ողջ այս պրոպագանդիստական խեղկատակությունը չունի և ոչ մի ընդհանուր բան ազգային ավանդույթների հետ:
Եթե խորը նայենք, ապա ինքը ադրբեջանական ժողովուրդը դարձել է ապատեղեկատվության յուրովի զոհ: Սկզբում խորհրդային պրոպագանդան չտվեց իրադարձությունների ազնիվ շարադրանք, որը հնարավորություն կտար ադրբեջանցիներին սթափ գնահատել պատմական սահմանազատման խնդիրները և ինչ-որ համաձայնության գալ հայերի հետ: Փոխարենը, նրանց գլուխը մտցվեցին դրոշմեր՝ անջատողականների մասին, որոնք փորձում են խլել “բուն ադրբեջանական հողերը”: Շատերը անկեղծորեն հավատացին պատմական կեղծարարությանը: Հետո էլ՝ ազգայնականների “ջարդային” ագիտացիան , որը հանգեցրեց անմարդկային բարբարոսությունների ընդդեմ հայերի: Եվ արդեն երրորդ փուլում ողջ այդ հակահայկական և հակառուսական շվայտանքը նոր բարձրունքների հասցվեց ալիևյան պրոպագանդայով: Պրոպագանդա, որն իր մեջ ամփոփեց կեղծարարության թորքական մեթոդներն ու ՊԱԿ և խորհրդային անցյալի հին փորձված ձևերը:
Վաղ թե ուշ՝ հայերն ու ադրբեջանցիները պետք է գան համաձայնության, պետք է հաշտվեն: Ալիևյան պրոպագանդան խաչ է քաշում նույնիսկ նման հաշտության հնարավորության վրա: Բացատրությունը մեկն է՝ Բաքվում ոչ ոք չի մտածում հաշտության մասին: Բաքվում մտածում են միմիայն պատերազմի մասին: Իսկ պատերազմին մարդիկ պետք է գան առավելագույնս չարացած, խիստ լարված և ազգայնական մոլուցքի ծայրահեղ աստիճանի հասցված: Մի անգամ դա արդեն հաջողվել է՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և ադրբեջանական մյուս քաղաքներում: Երկրի տիրակալները վստահ են՝ կստացվի նաև այս անգամ, այժմ արդեն թուրքական սպաների կողմից վարժեցված կանոնավոր բանակի դրոշների ներքո:
Հատված Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցից՝ չեխ լրագրող Դանա Մազալովային, "НГ" 2.04.92
— Ի՞նչ կարծիքի եք Խոջալիի դեպքերի մասին, որոնցից հետո Դուք պաշտոնաթող եղաք: Խոջալեցիների դիակներ էին հայտնաբերվել Աղդամից ոչ հեռու:  Ինչ-որ մեկը սկզբում կրակել էր ոտքերին, որ հեռու չկարողանան գնալ: Հետո գործի էր դրել կացինը, փետրվարի 29-ին իմ գործընկերները նկարահանել էին նրանց: Նոր նկարահանումների ժամանակ, մարտի 2-ին, այդ նույն դիակներն արդեն գանգամաշկված էին: Ինչ-որ տարօրինակ մի խաղ է…
— Ինչպես ասում են փրկված խոջալեցիները, այդ ամբողջը կազմակերպվել էր մեկ նպատակով՝ առիթ ստեղծել իմ պաշտոնաթողության համար: Ինչ-որ մի ուժ գործում էր նախագահին վարկաբեկելու ուղղությամբ: Չեմ կարծում, թե հայերը, որոնք շատ հստակ ու գործի իմացությամբ են մոտենում նման խնդիրներին, կարող էին թույլ տալ ադրբեջանցիներին ձեռք գցել իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթեր: Կարելի է ենթադրել, որ ինչ-որ մեկը ցանկացել է հետո ցուցադրել այդ կադրերը ԳԽ նստաշրջանին և ողջը կենտրոնացնել իմ անձի վրա: Եթե ասեմ, որ դա ադրբեջանական ընդդիմության մեղքով է, ապա կարող են հակադարձել, թե ես զրպարտում եմ: Բայց դատողությունների ընդհանուր ֆոնը հետևյալն է. հայերը, այնուամենայնիվ, թողեցին մի միջացնք, որով մարդիկ կարող էին հեռանալ: Էլ ի՞նչու պիտի կրակեին այդ դեպքում: Առավել ևս մի տարածքում, որը մոտ էր Աղդամին, որտեղ այդ ժամանակ բակականաչափ ուժեր կային՝ դուրս գալու և մարդկանց օգնելու համար: Կամ էլ պայմանավորվելու, որ խաղաղ բնակիչները հեռանան: Դա ընդունված պրակտիկա էր:
Ինձ անընդմեջ ասում էին, թե խոջալեցիները դիմագրավում են, որ նրանց օգնել է պետք զենքով, մարդկանցով, մթերքով: Ես հանձնարարեցի այդ ամենը հասցնել ուղղաթիռներով: Սակայն օդաչուները, ինչպես ինձ բացատրեցին, հրաժարվել էին թռչել այնտեղ, քանի որ չունեին սթինգերներից պաշտպանվելու հատուկ սարքեր: Այդպես անցավ գրեթե մեկ շաբաթ: Նույն տեղում՝ մոտակայքում, տեղակայված էր աղդամյան խմբավորումը, որը պարտավոր էր հետևելու դեպքերի զարգացմանը: Հենց որ տեխնիկան շրջապատեց Խոջալին, պետք էր էվակուացնել բնակչությունը: Դրանից առաջ ես նման հանձնարարություն էի տվել Շուշիի համար՝ տղամարդկանց թողնել, կանանց և երեխաներին տեղափոխել: Սրանք ևս պատերազմի օրենքներ են՝ մարդկանց հարկավոր էր փրկել: Իմ պահվածքը օբյեկտիվ էր ու միանշանակ՝ ես այդպիսի հանձնարարություններ տվել էի, բայց ինչու դրանք Խոջալիում չկատարվեցին՝ ինձ համար պարզ չէ: Ի դեպ, այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ զրուցել եմ ԼՂԻՄ ԳԽ նախագահ Մկրտչյանի հետ. “Հազարավոր մարդկանց սպանել եք: Թողե՛ք՝ մենք դուրս բերենք դիակները”: Սակայն նա պատասխանեց, որ ոչ մի դիակ չպետք է լինի, որ նրանց մոտ են մեր մարդիկ, որոնց կերակրում են, չնայած սննդամթերքի սակավությանը, և պատրաստ են փոխանակել իրենց պատանդների հետ:
— Ձեզ ե՞րբ հայտնեցին այդ զոհերի մասին:
— Խոջալիում ընդամենը մի քանի զոհվածի մասին հաղորդագրության հաջորդ օրը: Տեղեկատվություն էր եկել ներքին գործերի նախարարից:
— Ո՞վ էր այդ տեղեկատվության պատասխանատուն:
— Ինքը նախարարը: Մինչ այդ արդեն ստեղծվել էր մամլո ծառայություն նաև պաշտպանության նախարարությունում: Ուղղաթիռի հետ կապված պատմությունից հետո մենք պայմանավորվել էինք, որ ոչ ոք չի տալու չստուգված ինֆորմացիա:
— Համարու՞մ եք, որ վարչապետ Հասան Հասանովը ևս պատասխանատու էր:
 Կառավարության ղեկավարը, իհարկե, պատասխանատու է ամեն ինչի համար, թեև նա ամեն կերպ հրաժարվում է՝ ասելով, թե չի զբաղվում նման հարցերով: Բայց կառավարությունը մնում է կառավարություն…

Աղբյուր՝ Sumgait.info

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]