
Աբուլֆազ Գադիրօղլու Էլչիբեյը (ադրբ. Əbülfəz Qədiroğlu Elçibey, իսկական ազգանունը՝ Ալիև: Ծնվել է 1938թ. հունիսի 24-ին Նախիջևանի ԻԽՍՀ-ի Օրդուբադի շրջանի Քելեքի բկանավայրում, մահացել է 2000թ. օգոստոսի 22-ին Թուրքիայի Անքարա քաղաքում) հանդիսանում է ադրբեջանցի քաղաքական, տնտեսական գործիչ, թարգմանիչ, դիսիդենտ, Ադրբեջանի ազգային ճակատի ղեկավարը: Եղել է Ադրբեջանի նախագահ (1992-93թթ.): Էլչիբեյը առաջին համաժողովրդական ընտրված նախագահն էր, սակայն նրա կառավարման օրոք երկիրը ընկղմվեց քաղաքական անկայունության մեջ, որի հետևանքով տնտեսությունը անկում ապրեց, իսկ հաջող մարտական գործողություններին հետևեցին ծանր պարտությունները ղարաբաղյան պատերազմում: Գյանջայում զինված ապստամբության հետևանքով առաջացած ճգնաժամի արդյունքում նախագահը հրաժարական տվեց, որը հաստատավեց նաև համաժողովրդական հանրաքվեի արդյունքում:
Իշխանության գալու ճանապարհը
1992թ. մարտին ընդդիմության ճնշումների հետևանքով Այազ Մութալիբովը ստիպված էր հրաժարական տալ, սակայն մեկ ամիս հետո նա փորձեց վերադարնալ իշխանության: Նա պահանջեց Ադրբեջանի գերագույն խորհրդից վերականգնել նրան նախագահի պաշտոնում և կասեցնել նոր ընտրությունները: Մայիսի 14-ին գերագույն խորհուրդը բավարարեց նրա պահանջը, և քվեարկեց նրան նախագահի պաշտոնում վերականգնելու օգտին: Ի պատասխան դրան ԱԱՃ շենքի մոտ տեղի ունեցավ ընդդիմության կողմնակիցների հանրահավաք: Մայիսի 15-ի առավոտյան ընդդիմությունը վերջնագիր ներկայացրեց Մութալիբովին, պահանջելով մինչև 15:00 հրաժարական տալ: Վերջնագրի ժամկետի ավարտից հետո ազգային ճակատի կողմնակիցներից կազմված մի ամբոխ երթ է սկսում դեպի գերագույն խորհրդի շենքը, և կարճ փոխհրաձգությունից հետո գրավում է այն: Մի քանի ժամ անց, ցուցարարները գրավում են նախագահական պալատը, սակայն նախագահը այնտեղ չեր: Մութալիբովը փախել էր երկրից:
Մայիսի 18-ին գերագույն խորհրդի նիստի ժամանակ Յագուբ Մամեդովը հրաժարվում է խոսնակի պաշտոնից, և նրա տեղն է նշանակվում ազգային ճակատի ներկայացուցիչ Իսա Գամբարը: 1992թ. հունիսի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց Աբուլֆազ Էլչիբեյը՝ ստանալով ընտրողների ձայների 59,4 տոկոսը: Մինչև երդման արարողության օրը նա ապրում էր Բաքվի խրուշյովկաներից մեկի 7-րդ հարկում: Հունիսի 17-ն գերագույն խորհրդի շենքում տեղի ունեցավ նոր Ադրբեջանի նոր նախագահի երդման արարողությունը:
Ներքին և Արտաքին քաղաքականությունը
Իշխանության գալով Էլչիբեյը և նրա թիմը կանգնեցին ղարաբաղյան պատերազմում ադրբեջանական զիված խմբավորումների լուրջ անհաջողությունների փաստի առջև: Ամռանը ադրբեջանական զինված խմբավորումները լայնամաշտաբ գործողություններ են ձեռնարկում թշնամու դեմ, որի արդյունքում Ադրբեջանի հսկողության ներքո են վերադառնում Շահումյանի շրջանը, ինչպես նաև Մարտակերտի և Ասկերանի շրջանների մի մասը:
Արտաքին քաղաքականության մեջ Էլչիբեյը հանդես էր գալիս հակառուսական և հակաիրանական դիրքերից: Նա Իրանի կազմում գտնվող հարավային Ադրբեջանի (Ատրպատական նահանգի) և Ադրբեջանի հանրապետության միավորման գաղափարի ջատագովն էր: 1992թ. սեպտեմբերի 12-ին նա այցով ժամանեց Մոսկվա, որտեղ ստորագրվեց «Ադրբեջանի հանրապետության և Ռուսաստանի դաշնության միջև բարեկամակամության, համագործակցության և համատեղ անվտանգության» պայմանագիրը: Ընդ որում նա հրաժարվեց խոսել ռուսերեն և բանակցություններ էր վարում թարգմանչի միջոցով: Դեկտեմբերի սկզբին նա այց կատարեց Ուկրաինա, որտեղ նախագահ Լեոնիդ Կրավչուկի հետ ստորագրեց «Ուկրաինայի և Ադրբեջանի հանրապետության միջև բարեկամության և համագործակցության» պայմանագիրը: Ուկրաինա կատարած այցից մեկ շաբաթ առաջ ազգային ճակատի երկրորդ համագումարի ժամանակ Էլչիբեյը հայտարարեց, որ արտաքին քաղաքականության մեջ Ադրբեջանը ընտրելու է ԱՄՆ-ի և Բրիտանիայի հետ հարաբերությունների սերտացման ուղղին, իսկ ինչ վերաբերվում է նախկին ԽՍՀՄ-ի երկրներին, ապա այստեղ նախապատվությունը տրվելու է Ուկրաինային:
1992թ. օգոստոսի 18-ին Էլչիբեյը հրամանագիր ստորագրեց Միջազգային Արժույթային Ֆոնդին, Վերականգնման և Զարգացման Միջազգային Բանկին և դրանց հետ կապ ունեցող կազմակերպություններին Ադրբեջանի անդամակցության մասին: Մյուս օրը ընդունվեց օրենք, համաձայն որի այդ կազմակերպությունների կոնվենցիաները և համաձայնագրերը պետք է կյանքի կոչվեին երկրում: Նույն ամսին Էլչիբեյի հրամանով շրջանառության մեջ մցվեց նոր դրամական միավոր՝ մանաթը: Սեպտեմբերի 19-ի հրամանագրով պետությունն ապահովում էր ազատությունն ու իրավունքները, ինչպես նաև պաշտպանում էր ազգային փոքրամասնությունների մշակույթը և լեզուն: Այդ ընթացքում ղարաբաղյան ճակատում հաջողությունն անցնում է հայերի կողմը, և հաջող ռազմական գործողություններին հետևում են պարտությունները:
Իր «Երկրորդ հանրապետության վախճանը» գրքում ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշթ Ալիզադեն գրում է. «Բնականաբար պարտությունները հետևում էին իրար անընդմեջ: Իրավիճակը շտկելու համար պաշտպանության նախարարությունը քաղաքների փողոցներում կազմակերպեց շուրջկալ. երիտասարդներին բռնում էին հենց տներում, փողոցներում կանգնեցնում էին ավտոբուսները, հանում էին նրանց և ուղարկում ռազմաճակատ: Ծնողները դիմում էին տարբեր միջազգային կազմակերպություններին, այդ թվում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեային բողոքներով. տղան դուրս է եկել առավոտյան տնից, գնացել է աշխատանքի (Բուհ, հյուր, հանդիպման) և չի վերադարձել տուն, ման են եկել երկու օր, դիմել են ոստիկանություն, երրորդ օրը ստացել են հաղորդագրություն. «…ձեր որդին հերոսի մահով ընկավ հայրենիքի համար մղվող կռիվներում»:»
1993թ. փետրվարի 25-ին թշնամին գրավեց Սարսանգի ջրամբարը, իսկ ապրիլի 3-ին վերցրեց Քելբաջարը: Էլչիբեյը երկրում հայտարարեց ռազմական դրություն:
Սուրեթ Հուսեյնովի ապստամբությունը և իշխանությունից հեռանալը
Մայիսի 28-ին մինչև ժամկետի լրանալը ռուսական զորքը հեռանում է Գյանջայից, իսկ մնացած զենքին ու զինամթերքին տիրանում են գնդապետ Սուրեթ Հուսեյնովի զինվորները: Հունիսի 4-ին կառավարական զորքերը սկսեցին ապստամբ գնդապետին զինաթափելու «Տայֆուն» օպերացիան, որն ավարտվեց պարտությամբ և մարդկանց սպանություններով: Հուսեյնովի զինյալներին հաջողվեց գերեվարել գլխավոր դատախազ Իխթիար Շիրինովին: Առաջին հերթին Հուսեյնովը հրամայեց Շիրինովին Էլչիբեյին ձերբակալելու հրամանագիր ստորագրել և հունիսի 10-ին իր զորամիավորումների հետ շարժվեց դեպի Բաքու: Քաղաքական ճգնաժամի պայմաններում Էլչիբեյը Բաքու է հրավիրում այն ժամանակ Նախիջևանի ինքնավար հանրապետության պառլամենտի խոսնակ Հեյդար Ալիևին: Կայացած հանդիպման ժամանակ Էլչիբեյը վարչապետի պաշտոնը է առաջարկում Ալիևին, և վերջինս որոշում է մտածել այդ առաջարկի շուրջ:
Հեյդար Ալիևի մեջնորդությամբ կայացած Սուրեթ Հուսեյնովի հետ բանակցությունները ոչ մի արդյունք չտվեցին: Հունիսի 10-ին Իսա Գամբարը հրաժարվում է Միլլի Մեջլիսի խոսնակի պաշտոնից, իսկ հունիսի 15-ին Միլլի Մեջլիսը խոսնակ է ընտրում Ալիևին: Հունիսի 17-ի գիշերը Էլչիբեյը անսպասելի մեկնում է Նախիջևան և բնակվում իր հարազատ գյուղում՝ Քելեքիում: Հունիսի 25-ին Միլլի Մեջլիսը քվեարկությամբ որոշեց զրկել Էլչիբեյին նախագահական լիազորություններից և փոխանցել դրանք պառլամենտի խոսնակ Հեյդար Ալիևին: Սակայն այդ որոշումը չէր համապատասխանում երկրի սահմանադրությանը, ուստի պատգամավորները որոշեցին այդ հացին լուծում տալ համաժողովրդական հանրաքվեի միջոցով: 1993թ. օգոստոսի 28-ին բնակչության 97,5 տոկոսը քվեարկեց Աբուլֆազ Էլչիբեյին նախագահական լիազորություններից զրկելու օգտին: Հաջորդ նախագահական ընտրություններին հաղթեց Հեյդար Ալիևվը և դարձավ Ադրբեջանի նոր նախագահ:
Վերջին տարիները. վերադարձ քաղաքականություն
Իր պաշտոնավարման ավարտից հետո նախկին նախագահը հնարավորություն ստացավ վերադառնալ մայրաքաղաք: Նա ընտրվեց երկրի ողջ ընդդիմադիր կուսակցությունները միավորող Ադրբեջանի դեմոկրատական կոնգրեսի նախագահ և դարձավ «Հանուն ընտրական բարեփոխումների և դեմոկրատական ընտրությունների» համազգային շարժման ղեկավար: Էլչիբեյը հանդես էր գալիս Ադրբեջանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու օգտին: 1998թ. նա հարցազրույցի ժամանակ ասել է. «Մեծ սխալ է թույլ տրվել ԱՊՀ-ի պես կառույցի ստեղծման ժամանակ: Այն իհարկե կարող էր ձևավորվել, եթե լիներ անկախ պետությունների համագործակցություն: Ես շեշտում եմ «անկախ» բառը, երբ ամեն պետության՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի շահերը պաշտպանված կլինեին: Աբխազները Աբխազիայում օգտագործում են ռուսական զորքերը վրացական բնակչությանը վտարելու համար: Մի՞թե սա ազգերի համագործակցություն է: Ռուսաստանը օգտագորշում է ԱՊՀ-ը, փորձեր կատարելով պահպանել հին կայսրությունը, և այդ նպատակով տարբեր մեխանիզմներ է հնարում: ԱՊՀ-ի լիդերները ոչ մի լուրջ փորձ չեն կատարել կարգավորելու հայ-ադրբեջանական հակամարտությունը, կամ հետխորհրդային տարածքում ծագած այլ կոնֆլիկտները: Ես ԱՊՀ-ը կանվանեի առանց օրենքների մեծ կոլխոզ: Այսպիսի կոլխոզը անխուսափելիորեն կքանդվի, ինչը, ըստ էության, արդեն տեղի է ունեցել»:
1998թ. նոյեմբերի 6-ին մամլո ասուլիսի ժամանակ Էլչիբեյը հայտարարեց, որ գործող նախագահ Հեյդար Ալիևը, լինելով Ադրբեջանի ՊԱԿ-ի նախագահ, իր մասնակցությունն է ունեցել Թուրքիայի տարածքում պետություն ստեղծելու նպատակով զինված պայքար մղող Քրդական բանվորական կուսակցության ստեղծմանը: Աբուլֆազ Էլչիբեյի դեմ քրեական գործ հարուցվեց Ադրբեջանի Հանրապետության քրեական օրենսգրքի 188-6 հոդվածով (սուտ տեղեկատվություն տարածելու միջոցով նախագահի արժանապատվության վիրավորում), և հաջորդ տարվա հունվարին նախկին նախագահի գործով սկսվեց դատավարություն:
Մահը
2000թ. ապրիլին Թուրքիայում վիրահատեցին Էլչիբեյին, ում մոտ շագանակագեղձի քաղցկեղ էր հայտնաբերվել: Սակայն հունիսին նա կրկին հայտնվեց հիվանդանոցում: Էլչիբեյը վախճանվեց օգոստոսի 22-ին «Գյուլխանե» թուրքական զինվորական հոսպիտալում: Օգոստոսի 24-ին Ազգային ճակատի գրասենյակում սկսվեց նախկին նախագահի հրաժեշտի սգո արարողությունը, ինչից հետո դագաղով մարմինը տեղափոխեցին գիտությունների ակադեմիայի շենք: Դագաղն ուղեկցում էին մոտ 50 հազար մարդ: Հրաժեշտի արարողությանը մասնակցեց նաև նախագահ Ալիևը: Այն 11 րոպեների ընթացքում, երբ նա կանգնած էր դագաղի մոտ, ամբոխը գոռում էր. «Մեծն Էլչիբեյ, քեզ հավասարը չկա»: Սգո երթից հետո դագաղը հանձնեցին հողին պատվո Ծառուղում:
Դեռևս մինչև մահը Հեյդար Ալիևը կարգադրել էր Թուրքիայում իր դեսպանին ամեն կերպ օգնություն ցուցաբերել Էլչիբեյին իր բուժման ընթացքում, իսկ մահվանից հետո ցավակցություն հայտնեց նրա հարազատներին ու կողմնակիցներին, ինչպես նաև հատուկ կառավարական հանձնաժողով ստեղծեց նրա հուղարկավորությունը կազմակերպելու համար: Երկրի նախագահի՝ իր քաղաքական հակառակորդի հանդեպ վերաբերմունքի վերաբերյալ լրագրողի հարցին ի պատասխան Հեյդար Ալիևն ասել է. «Այո, ես հոգ էի տանում նրա մասին, բանակցություններ էի վարում Թուրքիայի ղեկավարության հետ նրան ավելի լավ հիվանդանոց տեսափոխելու համար: Քանի որ առաջին հերթին ես Ադրբեջանի նախագահն եմ: Եվ ըստ սահմանադրության ես պարտավոր եմ պաշտպանել իմ քաղաքացիներին, անկախ նրանից, թե նրանք ովքեր են և ինչ վերաբերմունք ունեն իմ նկատմամբ: Երկրորդ հերթին մարդ պետք է սկզբունքային լինի. լինի կտրուկ այնտեղ, որտեղ անհրաժեշտ է, իսկ այնտեղ, որտեղ կա վիշտ, հիվանդություն, մահ չի կարելի հիշել, որ նա իմ դեմ ահաբեկչություն է կազմակերպել, եղել է ընդդիմությունում և հայտարարել, որ Ալիևը պետք է հեռանա: Այս ամենը անցել է պատմության գիրկը: Մարդը վախճանվել է: Եվ երրորդ հերթին նա եղել է Ադրբեջանի նախագահ: Թեկուզ մեկ տարի: Թե ինչպես է նա կառավարել, և ինչ է տեղի ունեցել, այլ հարց է: Չի կարելի նախկին նախագահի նկատմամբ հարգանք չցուցաբերել»: