Հայերեն
English
Azəricə
Deutsch
Русский
Français


ՄԵՆՔ ՍՈՑՑԱՆՑԵՐՈՒՄ

facebook twitter youtube



ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ

The Armenian Genocide Museum

Open Armenia


OLD VERSION xocali.net



Իրոք, նրանք տոնական տեսք չունեին

Սվետլանա Իգորևնա

Սվետլանա Իգորևնա, Դուք այն լրագրողներից եք, որ լուսաբանել են Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտը: Պատմե՛ք, խնդրեմ, ի՞նչպես ստացվեց, որ հայտնվեցիք իրադարձությունների էպիկենտրոնում:
Ղարաբաղում ես հայտնվեցի 1992 թվականին՝ ինձ բնորոշ մասնագիտական հետաքրքրությունից դրդված: Դա, ես կասեի, “երկրի շերտերում տեղաշարժերի” մի ժամանակ էր. ամեն ինչ տեղից շարժվում էր, ու ճաքեր էին բացվում պետական ու մարդկային գործունեության բոլոր շերտերում: Փոխվում ու խառնվում էին հասկացությունները: Եվ մարդիկ, կարծես ծնկները թուլացած, ընկնում էին, բառիս բուն իմաստով, այդ նորաստեղծ ճեղքերը: Քաղաքագետները էքսպերիմենտներ էին անցկացնում, և դրանց մեջ գլխավորը ինքնորոշման էքսպերիմենտն էր: Անշուշտ կարևոր, իսկ առանձին հանրապետությունների համար՝ կենսական մի էքսպերիմենտ: Բայց չունենալով միմյանցից խաղաղությամբ հեռանալու փորձ ու օրենքներ՝ նրանք պատերազմ էին սկսում:
Այդ տարիներին ես աշխատում էի Լենինգրադի հեռուստատեսությունում և ծանոթ էի շատերին, ով հետևում էր Ղարաբաղի իրադարձություններին և լուսաբանում դրանք կենտրոնական և լենինգրադյան մամուլում: Ծանոթներիս թվում էին լենինգրադցի գրող Իգոր Բաբանովը, նրա հետ միասին Ղարաբաղի մասին ինֆորմացիա հավաքող Կոնստանտին Վոյևոդսկին և այլոք: Երբ հետևում էի կենտրոնական հեռուստատեսությամբ հեռարձակվող ռեպորտաժներին, հասկանում էի, որ ներկայացվող տեղեկատվությունն ինձ համար անբավարար է: Պատերազմը գիտեի միայն դասագրքերից: Ինձ միշտ ավելի շատ հետաքրքրում էին մարդիկ, և այդ պատճառով պարտքս էի համարում հասկանալ, թե ինչպես են պատերազմի պայմաններում ապրում հասարակ մարդիկ, ինչպես են նրանք ընկալում այն, ինչ տեղի է ունենում իրենց հողի վրա՝ հասկանալ ու պատմել այս ամենի մասին: Ղարաբաղ մեկնելու խնդիրը հեշտ լուծվեց, քանի որ ծնունդով ղարաբաղցի մի ծանոթ ունեի, որը հեռուստատեսային օպերատոր էր, և որի ընտանիքը մնացել էր ծննդավայրում: Մեկ շաբաթ բարենպաստ եղանակի սպասումով Երևանում անցկացնելուց հետո, ուղղաթիռով մեկնեցինք Ղարաբաղ: Թռիչքի պահին ենթարկվեցինք հրետակոծության: Ուղղաթիռում կային վառելիքով տակառներ, բայց, բարեբախտաբար, գնդակն անցավ ճիշտ ու ճիշտ տակառների արանքով, որի շնորհիվ էլ փրկվեցինք, թե չէ ես էլ պիտի հիմա երկնքում թռչելիս լինեի: Օդանավակայանը քարուքանդ էր, ու մենք ստիպված էին վայրէջք կատարել լեռներում: Մինչև Ստեփանակերտ հասանք մեքենայով՝ բարձր արագությամբ, մահից փրկվելու համար: Ստեփանակերտում բնակվեցինք մի նկուղում, որտեղ ապրում էին կամավորներ, պայթեցված հեռուստակայանի նախկին աշխատակիցներ: Կային նաև դասախոսներ, դերձակներ, մի խոսքով՝ այսպես կոչված ծառայողներ: Ամենախաղաղ մասնագիտությունների տեր մարդիկ: Դիմացը ապրում էին մի քանի ընտանիք՝ կանայք, երեխաներ ու մի տարեց մարդ: Առաջին օրը ծանոթացա ստուդիայի նախկին օպերատորի հետ. նա հրավիրեց ինձ իր կիսավեր տուն: Նրա ծնողներն ու եղբայրը ապրում էին նկուղում: Բնակարանը կանգուն էր, բայց սառը՝ ո՛չ լույս կար, ո՛չ ջուր: Պահածոյացված ինչ-որ բան կերանք: Ու, իհարկե, երկար խոսեցինք պատերազմից:
Ես նրանից չլսեցի այլազգիներին վարկաբեկող բառեր: Նա ասում էր, որ չի ուզում, որ խաղաղ բնակիչներ զոհվեն կռվով բռնված բնակավայրերում: Ասում էր, որ ստիպված է պաշտպանել  իր տունը, իր հողն ու հարազատներին: Իսկ հաջորդ օրը իմ նոր երիտասարդ ու տաղանդավոր ծանոթը զոհվեց:
Դա իմ առաջին առերեսումն էր մահվան հետ՝ մահ, որ բերում է պատերազմը: Հետո շատ մահեր տեսա այդ պատերազմում:

Հայտնի է նաև, որ Դուք միակն էիք, ում հաջողվեց տեսագրել Խոջալի գյուղի բնակիչների փոխանցումը ադրբեջանական կողմին: Պատմե՛ք, խնդրեմ, ի՞նչպես տեղի ունեցավ այդ հանդիպումը, ինչպե՞ս հայտնվեցիք այնտեղ, ի՞նչու որոշեցիք ճանապարհել նրանց և մինչև ու՞ր հասաք հետները:
Ղարաբաղ ժամանելուս հաջորդ օրը, առավոտյան, մենք սկսեցինք նկարահանումները և ուղևորվեցինք առաջնային գիծ, ուր զինադադարի սահմանված ժամն էր: Հենց այնտեղ էլ պիտի տեղի ունենար Խոջալիի բնակիչների հանձնումը ադրբեջանական կողմին:

Ձեզ հաջողվե՞ց զրուցել նրանց հետ կադրից դուրս: Միգուցե նրանք ինչ-որ բան փորձեցին Ձեզ ասել կամ ակնարկել այն սարսափների մասին, որ վերապրել էին, բայց վախենում էին պատմել:
Ես խոսեցի նրանց հետ թարգմանչի միջոցով՝ մինչև նկարահանումը: Եվ այն, ինչ նրանք պատմեցին ինձ նկարահանման ժամանակ՝ արդեն կոնկրետ հարցերիս պատասխանելիս, կրկնում էր առանց միկրոֆոնի պատմածը: Հաստատում եմ այս հանգամանքը նաև այսօր՝ քսան տարի անց: Առավել ևս, որ իմ մասնագիտական ու մարդկային սկզբունքները թույլ չեն տալիս ինձ այլ կերպ վարվել:

Ձեզ հետ կայի՞ն հայ զինվորականներ: Ինչպե՞ս էին նրանք վարվում խոջալեցիների հետ՝ ստիպում առաջ շարժվել ավտոմատի փողի տակ կամ ագրեսիվ վերաբերմունք ցուցաբերում նրանց և կամ Ձեր հանդեպ:
Իհարկե, ազատամարտիկները նրանց կողքին էին՝ ավտոմատները ձեռքներին, բայց հակառակ կողմում, որին պիտի հանձնվեին այդ բնակիչները, ադրբեջանցի զինվորներն էին՝ ևս զինված: Չեմ կարող ասել, թե ուղեկցողները խոջալեցիների հետ խոսում էին կոպիտ կամ բիրտ ձևով: Ամեն ինչ գործնական տոնի սահմաններում էր՝ առանց գոռոցների: Չնայած որ պատերազմական վիճակը չէր նպաստում դրան:

Նկատե՞լ եք արդյոք բռնության հետքեր փախստականների վրա: Արյունազեղումներ, վերքեր, ծեծի հետքեր, կաղում էր արդյոք որևէ մեկը կամ բռնվում մարմնի ցավող մասից:
Չեմ տեսել ո՛չ ծեծի և ո՛չ էլ այլ բռնության հետքեր: Իրոք, նրանք տոնական տեսք չունեին: Բայց դե՛, իմ տեսքն էլ հյուր գնալու չէր:

Ի՞նչն է ամենից շատ մխվել հիշողության մեջ:
Ամենից սուր զգացումները ապրում էի, երբ նայում էի կանանց ու երեխաներին, որ բնավ էլ պատերազմի դառնությունը քաշելու համար չէին ծնվել, նույնը և տղամարդիկ, որ ստիպված էին թողնել իրենց ընտանիքները և զենք վերցրել՝ պաշտպանելու իրենց տները, որ ես տեսա ավերված ու հրկիզված: Հոսպիտալներում տեսա ականջները կտրած մարդկանց, ականատես եղա Ստեփանակերտի ծննդատան ռմբակոծմանը: Շատ ու շատ ավերված բնակելի շենքեր տեսա: Ծանոթացա մի տղայի հետ, ում ընտանիքը կոտորել էին նրա աչքի առաջ: Տղան հասցրել էր թաքնվել մահճակալի տակ: Ավելի ուշ գերիներ տեսա բանտում, զրուցեցի մի երիտասարդ ադրբեջանցու հետ, որն ապրում էր իրենց գերեվարված որդու վերադարձին սպասող մի հայկական ընտանիքում, և կարող եմ ասել (կա նաև խոսքս հաստատող տեսագրությունը), որ այդ երիտասարդը կատեգորիկ դեմ էր Ղարաբաղում հայ կամավորների դեմ պատերազմելուն: Նա ասում էր՝ ավելի լավ է մեռնել, քան գնալ սպանելու մարդկանց, ում հետ մեծացել ես: Նա հասկանում էր, որ նման պատասխանը կարող է հետագայում իր դեմ օգտագործվել, և ես հնարավորություն տվեցի նրան շեղվելու հարցից, սակայն նա պնդեց, որ ուզում է խոսել այդ թեմայով: Տղային տան անդամի պես էին վերաբերվում, ու դրա մասին էլ նա պատմում էր առանց իմ կողմից որևէ ճնշման: Առավել ևս, որ ես երբեք սյուժեներումս չեմ օգտագործել ո՛չ ադրբեջանցի և ո՛չ էլ որևէ այլ ազգի արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ, քանի որ հասկանում և հարգում եմ ցանկացած ազգություն: Այդ հանդիպումը ևս մխվել է հիշողությանս մեջ:

Դուք արդեն 20 տարի է, ինչ հեռացել եք Ղարաբաղյան պատերազմի թեմայից, և, կարծում եմ, կարող եք թարմ հայացքով գնահատել իրավիճակը: Ասացե՛ք, Ձեր կարծիքով, ի՞նչու ադրբեջանական կողմը 23 տարի անց սկսել է ականատեսների վկայություններ հավաքել, և ի՞նչու չէր արել դա այն ժամանակ՝ թարմ հետքերով:
Ես շատ բան եմ տեսել կյանքում, բայց այն, ինչ կատարվում է այսօր, նման է մասսայական պսիխոզի: Ինձ համակում է զգացումը, որ օդը վարակված է ագրեսիայով և արյան ծարավով: Ասես, նոր Դրակուլայի գայուստի ականատեսն ենք:
Ես հասկանում եմ այն պահին մարդկանց պահվածքի բոլոր հոգեբանական նրբությունները: Նրանք կարող էին խորամանկել կամ թաքցնել իրենց մտքերը սահմանն անցնելիս, բայց ոչ այդպես զգացմունքային ու մանրամասն կերպով պատմել՝ ի պատասխան իմ հարցերին: Եթե պատկերավոր ասենք՝ դա նրանց բալեր չէր ավելացնելու: Ու եթե այսօր այդ կանայք, որոնց Ադրբեջանում չգիտես ինչու հարցեր են տալիս 23 տարի անց միայն, լրիվ հակառակ կարծիք են արտահայտում, դա մնում է միայն իրենց սեփական խղճին և այն մարդակնց խղճին, ովքեր հաջորդական անգամ փորձում են պատերազմի կրակ բորբոքել՝ թեկուզ պրոպագանդիստական, բայց պատերազմի: Իսկ պատերազմը վարակիչ է: Ու եթե քաղաքական գործիչները դաս չեն քաղում իրենց ժողովրդի, իրենց երկրի զավակների կորուստից, ապա գործի են դրվում ամենատարբեր մեթոդներ, նույնիսկ տարեց մարդկանց հարցումները տասնամյակներ անց, երբ այդ մարդիկ, իրենց իշխանավորների, գաղափարախոսների և արյունահեղության ջատագովների ստեղծած պայմաններում կարող են միայն մի ձևով պատասխանել՝ ժխտել ամեն մի դրական բան, որ ասել են նախկին հակառակորդի մասին:  
Ֆրանկլին Ռուզվելտը, որին ես հարգում եմ շատ առումներով, ժամանակին ասել է. “Որպեսզի քաղաքակրթությունը կարողանա գոյատևել, պիտի զարգացնենք մարդկային հարաբերությունների գիտությունը և ամենատարբեր ազգերի՝ միասին ու մեկ երկրի վրա ապրելու ունակությունը”:
Ամենազարմանալին այն է, որ հասարակությունը իբրև ամբողջություն չի ընդվզում “պատերազմ” բառի դեմ: Երևի, դա է պատճառը, որ քաղաքական գործիչները թույլ են տալիս մի ազգի մեջ ատելություն սերմանել մյուսի հանդեպ՝ այսպես եմ ես գնահատում 22 տարի անց հարցումների անցկացումը այն դժբախտ կանանց շրջանում, որոնք դարձել են պատերազմի զոհ: Հոգևոր հայրերն էլ բառ չեն կարողանում գտնել, և չեն ցանկանում զոհաբերել իրենց՝ հանուն հոտի փրկության:

Շնորհակալություն
Հարգանքներով՝ Ս. Կուլչիցկայա, Սանկտ-Պետերբուրգի լրագրողների միության անդամ:

 

ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Загрузка...
Xocali.net կայքը ստեղծվել է «Այլատյացության կանխարգելման նախաձեռնության»
կողմից OpenArmenia.am ֆորումի մասնակիցների հետ համագոծակցությամբ:
Rambler's Top100 Goon Каталог сайтов
2010-2015 © Copyright     E-mail: [email protected]