
Իսրայելի խորհրդարանի հարգարժան անդամներ, լռության համար ձեզ ինչքա՞ն են վճարել: Հիշե՛ք. նավթը երբևէ կվերջանա, իսկ ճշմարտությունը միշտ հավիտենական է:
«AzIs» կազմակերպությունը(Ադրբեջան-Իսրայել միջազգային ասոցիացիան), որն Իսրայելում Ադրբեջանի նախապատվարն է, յուրաքանչյուր տարի մանիֆեստ է անցկացնում, ուր սեփական ժողովրդի ողբերգությունը քաղաքական խաղի է վերածում: Խոսքը Խոջալուի ողբերգության մասին է, որը տեղի է ունեցել 1992 թ-ի փետրվարի 25-26-ը՝ Արցախի պատերազմի ժամանակ:
Մեկ տարի առաջ ես այդ սարսափելի ողբերգության մասին հոդված գրեցի: Երկու ժողովուրդների համար այդ ծանր թեմայի վերաբերյալ խոսելու թույլտվությունն ինձ արտոնելու համար ես նախ և առաջ բազմաթիվ նյութեր ուսումնասիրեցի՝ հրապարակված ինչպե՛ս մեկ, այնպե՛ս էլ մյուս կողմից, ինչպես նաև չեզոք երկրների նյութերը:
Նման նյութերից է «Khojalu: between hunger and fire» ֆիլմը, որ նկարահանվել է բրիտանացի վավերագիրների կողմից:
Այդ հոդվածում բերված են փաստերը և ամբողջությամբ նկարագրված են պատճառները, որոնց հիման վրա հայկական կողմը չէր կարող պատասխանատվություն կրել Խոջալուի խաղաղ բնակչության այդ սարսափելի ողբերգության համար:
Ռուս թղթակից Վադիմ Բելիխը, որ կոնֆլիկտի ժամանակ ադրբեջանական կողմում էր գտնվում, նշում էր, որ օպերացիան սկսելուց դեռ մեկ ամիս առաջ հայերը տեղեկացրել էին Խոջալուի գրոհի մասին: Սակայն ադրբեջանական կողմը խաղաղ բնակչությանը քաղաքից հանելու համար ոչինչ չարեց:
Քաղաքը գրոհելուց մի քանի օր առաջ հայկական կողմը ռադիոկապի միջոցով տեղեկացրել է ձեռնարկվելիք գործողության մասին և խնդրել է խաղաղ բնակչությանը դուրս հանել: Ադրբեջանական իշխանությունները տեղի բնակչությանը, որ հիմնականում մսխեթցի թուրքեր էին և մեկ անգամ չէ, որ հայտարարել էին այդ կոնֆլիկտում իրենց չեզոքության մասին՝ ուժով պահեցին: Արդյունքում մսխեթցի թուրքերը ապաստան գտան հայկական կողմում: «AzIs»-ի կողմից ոչ մի ռեակցիա չեղավ. ո՛չ ժխտում, ո՛չ հրապարակում:
Արդեն վաղուց հայտնի ու ակնհայտ է, որ ադրբեջանական պրոպագանդան նավթային ու զինային պայմանագրերի, ինչպես նաև նեղ աշխարհաքաղաքական շահերի միջոցով է գործում: Ճշմարտությունը ետին պլան է մղվում, քանի որ ետին պլանում են գտնվում նաև մարդիկ, ովքեր բարոյական արժեքներն ավելի վեր են դասում:
Վերը նշված այս հանգամանքներն այս տարի ադրբեջանցիներին օգնեցին որպես հյուր մասնակից դարձնել իսրայելական խորհրդարանի անդամներին մի երեկույթի, որը նվիրված էր խաբանքին ու խաբեությանը: Այս փաստը մեզ՝ Իսրայելի բնակիչներիս, ստիպում է խորհել մեր կառավարության բարոյական արժեքների մասին, որն արդեն տարիներ շարունակ մերժում է Հայոց Ցեղասպանության փաստը, բայց ուրախությամբ ընդունում է Ադրբեջանի կողմից արված հրավերը՝ մասնակցելու մի միջոցառման, ուր Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մեջ կեղծ ու ոչ հիմնավորված ձևով մեղադրում են հայերին:
Ադրբեջանի հարգելի ժողովուրդ, ես բազմիցս կոչ եմ արել չենթարկվել ձեր կառավարության պաշտոնական պրոպագանդային, որի նպատակը ձեր հարևանի նկատմամբ ձեր սրտերում թույն լցնելն է: Պատմականորեն մեկ անգամ չէ, որ ապացուցվել է, որ այն իշխանությունն ու ազգը, որոնք այլ ազգերի նկատմամբ ատելությունը պատվանդան են բարձրացնում՝ արդյունքում իրենք են դաժանության ու չարիքի պատի վրա ջարդուփշուր լինում:
Ես կուզեի հարց ուղղել պետության մեր հարգարժան ներկայացուցիչներին, որոնց աշխատավարձը մեր գրպաններից է գոյանում. «Իսրայելի խորհրդարանի հարգարժան անդամներ, լռության համար ձեզ ինչքա՞ն են վճարել: Հիշե՛ք. նավթը երբևէ կվերջանա, իսկ ճշմարտությունը միշտ հավիտենական է»:
Մենդել Կորսունսկի
«Նոյան տապան» մշակութային և կրթական կենտրոնի մամուլի խոսնակ, Իսրայել