
Karabakhinfo վեբ-կայքը ադրբեջանական պրոպագանդայի հիմնական պաշտոնական խոսափողներից մեկն է:
Կայքի պաշտոնական լինելու մասին պնդման հիմքն այն է, որ կայքը ստեղծվել է 2012 թվականի ապրիլի 10-ին՝ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության աջակցման ասոցիացիայի նախագահ, Միլլի Մեջլիսի պատգամավոր Էլհան Սուլեյմանովի նախաձեռնությամբ և համահեղինակությամբ:
Կայքի մակարդակն ու փաստարկային բազան վկայում են, որ այն նախատեսված է անպահանջկոտ ընթերցողի համար, որն ավելի հակված է հուզական ընկալումների և չունի ստացված տեղեկությունների ինքնուրույն վերլուծության ունակություններ:
Ճղճղան վերնագրեր, “Շոկ” բացականչությունների տարափ, ահ ու սարսափ տարածող մանրամասների շքերթ՝ հղումներով դեպի չստուգված աղբյուրներ, որոնք հրամցվում են որպես “ականատեսների ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ”, կեղծ և ներկայացվող պատմության հետ կապ չունեցող լուսանկարներ: Այս ամենը վկայում է, որ Ադրբեջանի պաշտոնական անձինք քաղաքացիական հասարակության զարգացումը տանում են ապատեղեկատվության, անվանարկման և հայատյացության արմատավորման հունով:
Այսպես, տվյալ կայքի էջերին, սովորական դարձած՝ "Շոկ. հայկական կտտանքների տեսակներ (+18) - ՖՈՏՈ" էմոցիոնալ վերտառությամբ հրապարակված է քաղփիլիսոփայության դոկտոր, Ադրբեջանի ԳԱԱ աշխատակից, Սփյուռքի և լոբբիի գիտական հետազոտությունների կենտրոնի նախագահ ոմն Զաուր Ալիևի հոդվածը: Հոդվածից հետևում է, որ գիտությունների դոկտոր Ալիևը Խոջալիի դեպքերի ականատես է, չնայած որ նրա անունը չի հիշատակվում ո՛չ միջազգային և ո՛չ էլ ադրբեջանական համապատասխան հաշվետվություններում, և որ նա հիմնվում է “ականատեսների վկայությունների, ԱԱՆ ինֆորմացիայի, Գերիների, անհայտ կորածների և պատանդների պետական հանձնաժողովի հաշվետվությունների, պատերազմի մասնակիցների, հայ հեղինակների գրառումներ վրա”:
Դե, իհարկե, անուններն ու աղբյուրները հեղինակը չի նշում: Համաձայն սովորական դարձած ձևակերպման՝ “նրանց խնդրանքով”:
Անիմաստ է փորձել հերքել թե՛ ընդհանուր առմամբ կայքի ու թե՛ մասնավորապես տվյալ հոդվածի փաստային հենքը, սակայն, ուշադրություն է գրավում կոնտենտի կպչուն վիզուալիզացիան:
Առաջին լուսանկար. Լուսանկարն արված է 20-րդ դարի սկզբին, մոտավորապես 1923 թվականին: Անհայտ է թե՛ հեղինակը ու թե՛ նրա հետ կապված իրադարձությունները: Այս նկարի հենց անանուն լինելն ու անորոշությունն է, որ շահագործել է տալիս լուսանկարը ամենատարբեր աղբյուրների կողմից, տարբեր ձևերով: Մասնավորապես, թուրքական քարոզչությունը նախընտրում է այն մեկնաբանել իբրև “թուրքերի ցեղասպանություն հայերի կողմից”: Մինչդեռ ադրբեջական քարոզչական մեքենան այն օգտագործում է կամ 1918 թվականի և կամ 1992 թվականի իրադարձությունների պատկերման համար: Ցնցող լուսանկարի ապացուցիչ ուժը չնչին է, սակայն դա չի խանգարում քարոզչական գործունեությանը:
Երկրորդ լուսանկար, զոհված երեխաների պատկերող այս լուսանկարը վերցվել է Գոլոդոմորին նվիրված ուկրաինական կայքերից, սակայն ներկայացվում է իբրև “հայ ահաբեկիչների ձեռքով զոհված” ադրբեջանական երեխաների լուսանկար: Օրիգինալը տեղադրված է Ուկրաինայի նախագահի պաշտոնական կայքում:
Երրորդ լուսանկար, պատկերված են Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ գերեվարված ադրբեջանցի զինվորներ: Որակից դատելով՝ կարելի է քիչ թե շատ վստահությամբ ասել, որ դա թերթի կտրածո է: Եվ քանի որ այն ցուցադրվում է հիմնական նյութից զատ, պետք է ենթադրել, որ չի համապատասխանում կտտանքների, “խոջալիի” և հոդվածում տեղ գտած մյուս պնդումների հետ:.
Չորրորդ լուսանկարը բավական ակտիվ կերպով օգտագործվում է ադրբեջանական մամուլում 1918թ. “ադրբեջանցիների ցեղասպանության” հետ կապված, սակայն երբեմն այն “կապվում է” ժամանակակից իրադարձություններին: Եթե ուշադիր նայենք լուսանկարին, պարզ է դառնում, որ էքսպոզիցիան բեմադրված է և, հավանաբար, ինչ-որ ֆիլմից է: Ամեն դեպքում, տարօրինակ է թվում այն, որ տղան՝ ձեռքերը վիրակապած, ատամներով բռնել է շիշը և խմում այդ շշից, մինչ նրա “բանտակիցները” ինքնամփոփ նայում են չգիտես ուր ու չեն էլ փորձում օգնել նրան: Թեկուզ ոչ թե ձեռքերն արձակեին, այլ գոնե շիշը պահեին, որ խմելը հարմար լիներ: Էլ չասած՝ ո՞վ էր այդ շիշը նրա բերանին դրել: Ինչևէ, լուսանկարի ծագումը խիստ կասկածելի է՝ հայտնի չէ ո՛չ հեղինակը, ո՛չ դեպքի վայրը, ո՛չ մասնակիցները, ո՛չ արխիվային համարի հատուկ նիշը և ո՛չ էլ այն, թե որտեղից է վերցված լուսանկարը:
Հինգերորդ լուսանկարը ակտիվորեն օգտագործվում է ադրբեջանական քարոզչական մեքենայի կողմից և արդեն դիտարկվել է xocali.net կայքում՝ "№ 20 Լվովի հրեաները որպես հայկական ահաբեկչության զոհեր": Հատկանշական է, որ այն նշված է որպես “Զաուր Ալիևվի անձնական արխիվից” լուսանկար, ինչը ընթերցողի մոտ սխալ տպավորություն է ստեղծում, թե Ալիևը հեղինակն է և կամ նրան է պատկանում նկարի նկատմամբ հեղինակային իրավունքը: Սակայն բնագիրը պահպանվում է Հոլոքոսթի թանգարանում: