
Փաստերի հետադարձ ներկայացման առավելությունն անվիճելի է. այն հնարավորություն է տալիս զգալիորեն ծաղկեցնել իրադարձությունները, ավելի վառ գույներով ներկայացնել դրանք, ընդգծել ու շեշտադրել՝ տվյալ պահի գաղափարախոսության ու քաղաքականության ոգուն համահունչ:
”Խոջալիի քեյզի” դեպքում տվյալ մեթոդը կիրառվում է անխնա կերպով՝ թեև վրիպումներով ու առանց քաղաքական կոնյուկտուրայից բխող ընդհանուր կոնցեպցիայի հաշվառման, ինչն էլ հանգեցնում է սեփական պրոպագանդիստական կարծրատիպերի ու նախկինում հրապարակված նյութերի հետ հակասությունների:
Այն ժամանակ, 1992 թվականին, թե՛ հիշողությունն էր թարմ, ու թե՛ հնարավորությունը կար՝ տեղում հարցումներ անցկացնելու և զոհերի ու փրկվածների ցուցակներ կազմելու, ինչը, սակայն, չարվեց: Այսօր արդեն, ողբերգությունից 20 տարի անց, Ադրբեջանը սկսել է լրացնել ժամանակին բաց թողնված հնարավորություններն ու վերացնել սպիտակ բծերը՝ Խոջալիի այսպես կոչված ականատեսների ու մասնակիցների հարցումների միջոցով: Սկսել է ֆիլմեր նկարահանել, “որոշ արխիվային” փաստաթղթեր վերհանել և ականատեսների պատմություններ գրանցել:
Ժամանակակից պրոպագանդիստական արվեստի նմուշներից է 2012թ. ATV International հեռուստաալիքի կողմից նկարահանված և իբրև վավերագրական ներկայացվող “Այնտեղ, ուր մարեց արևը” ֆիլմը:
Հենց այդ ֆիլմի դրվագներից մեկի վրա էլ ուզում ենք կանգ առնել: Պատմում է “մազապուրծ խոջալեցի” մի կին:
Իմ ամուսնուն՝ Էլմար Ահմեդովին, գնդակահարել են հայերը…
Հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանական կողմը շատ վաղուց հրապարակել է զոհվածների լրիվ անվանական ցուցակը, միակ խելամիտ քայլը, որ կարող է ձեռնարկվել ֆիլմի հեղինակների և “վկայի” կողմից ներկայացվող տվյալների ճշտման նպատակով, ստուգելն է՝ արդյո՞ք ցանկում կա նման անուն-ազգանունով մարդ:
Այսպես, դեռևս 1992 թվականին Հավվա Մամեդովայի կողմից “Խոջալի՝ շահիդներ և շեհիդներ” գրքում զետեղված ցուցակում 126 համարի տակ իրոք նշվում է Էլմար Ահմեդովը, սակայն այստեղ մի փոքրիկ խնդիր կա. նշված Էլմար Ահմեդովը 1992թ. փետրվարի 26-ին ընդամենը 6 տարեկան էր:
126 Ահմեդով Էլմար Նայիբ օղլու արական 1986 (Ахмедов Эльмар Наиб оглу муж 1986)
Հավվա Մամեդովայի նույն ցանկում ընդգրկված է նաև ոմն Ահմեդով Էլդար Նայիբ օղլուն, որը, տարիքի առումով, միանգամայն կարող էր որևէ մեկի ամուսինը լինել: Բայց այստեղ մի շարք հարցեր են առաջանում.
1) Մի՞թե կինը չգիտեր իր ամուսնու անունը և շփոթել էր՝ Էլդարի փոխարեն անվանելով նրան Էլմար:
2) Մի՞գուցե ֆալսիֆիկացիան տեղի է ունեցել 1992 թվականին, երբ կազմվել են ցուցակները, ու չափահաս տղամարդը ներկայացվել իբրև 6-ամյա երեխա՝ մանկահասակ զոհերի ցանկը մեծացնելու նպատակով:
Ակնհայտ է, որ այս հարցերը հռետորական են, և ոչ մեկ չի վերլուծելու ու փորձ չի անելու փաստերը (FACTS) միմյանց համապատասխանեցնել: Հարկ է արձանագրել միայն, որ ականատես եղանք, թե ինչպես են օրինականացնում առասպելներն ու կատարվում մասսայական գիտակցության սովորական մանիպուլյացիաներ՝ հույս ունենալով, որ, միևնույն է, ոչ ոք չի կարդալու, չի համադրելու ու չի վերլուծելու:
Պրոպագանդան հենց սրանով էլ տարբերվում է գիտությունից, որ գործ ունի լսարանի զգացմունքային ընկալումների հետ և կատեգորիկ կերպով մերժում է ռացիոնալ վերլուծության փորձերը: