
Մոսկովյան «Նովայա գազետա»(“Новая газета”) լրագիրը մարտի 9-ին «Պատերազմի դուստրը» վերնագրով մի հոդված հրապարակեց: Հոդվածի հեղինակը՝ Վիկտորյա Իլևան, արդեն որերորդ անգամ պատմում է Խոջալուի նախկին բնակչուհու մասին, որին նա հանդիպել է 1992թ.-ի փետրվարի 26-ի գիշերը: Այդ պատմությունը բոլոր մանրամասնություններով Իլևան վերջին ամսվա ընթացքում երևի արդեն 10-րդ անգամ է ներկայացնում: Իսկ առաջին անգամ նրա հոդվածը հրապարակվեց 1992 թվականի մարտին՝ միանգամից երկու՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»(“Московский комсомолец”) և «Մոսկովսկիե նովոստի»( “Московские новости”) թերթերում:
Այն ժամանակ, 19 տարի առաջ, լրագրողուհին ղարաբաղյան պատերազմից մի դրվագ էր ներկայացրել, որի ականատեսն անձամբ էր եղել, և միաժամանակ ջանացել էր չեզոք լինել՝ բացառապես պահպանելով հումանիզմի սկզբունքները: Իլևան այսօր ևս որպես անկախ լրագրող է հանդես գալիս, որին միայն ու միայն պատերազմի մեջ հայտնված անմեղ մարդկանց ճակատագրերն են հետաքրքրում, և ընդգծված կերպով վերացարկվում է ցանկացած քաղաքական հարցերից ու փաստարկներից: Այդուհանդերձ, սույն տարվա փետրվար ամսին նա այցելելով Բաքու՝ մի շարք ոչ կոռեկտ հայտարություններով է հանդես եկել, որոնք բաքվեցի լրագրողները, բնականաբար, իրենց ցանկալի լույսի տակ են ներկայացրել:
Ձգտելով պահպանել օբյեկտիվ լրագրողի իր իմիջը՝ Իլևան երկրորդ հարցազրույցն է նախաձեռնել, որի ընթացքում փորձել է փոքր-ինչ գունավորել առաջինի տպավորությունը: Ամեն դեպքում, նրա բաքվեցի գործընկերները ստիպված լինելով առանց չափազանցությունների հրապարակել տեքստը՝ «տանուլ տվածը ետ բերելու» համար ակնհայտ շահադիտական վերնագիր ընտրեցին(ինչն, ըստ լրագրողուհու խոստովանության, իր հետ համաձայնեցված չի եղել): Նոր հարցազրույցում Իլևան կրկին (արդեն որերորդ անգամ) պատմել է իր զինվորական ռեպորտաժի հերոսուհու մասին: Ավելին, նրա խնդրանքով բաքվեցի ընկերները փնտրել-գտել էին խոջալվեցի այդ մսխեթցի կնոջը, որին լրագրողուհին որպես Մավլյուդա էր հիշում, բայց պարզվեց՝ Մեհրիբան է: Նրանց հանդիպման պատմությունն էր, որ հոդվածի թեմա դարձավ «Նովայա գազետայում»:
Նման սյուժեն, անխոս, գտածո է յուրաքանչյուր լրագրողի համար: Առավել ևս, որ մսխեթցու դուստրը, որին Իլևան այն գիշերն իր ձեռքերի վրա էր տարել և որն այն ժամանակ ընդամենը երկու օրական է եղել, այսօր հիվանդ է. նա չի խոսում և շրջապատող աշխարհի հետ շփում չունի:
Սակայն այդ կնոջ և նրա դժբախտության ընկերների՝ Խոջալուի նախկին բնակիչների պատմության մանրուքների մեջ Իլևայի չխորանալու համառ ցանկությունը՝ հենց իր ՝լրագրողուհու համար անսպասելի արդյունքներ ունեցավ: Ամեն ինչ և ամենքին նույն զանգվածի մեջ խառնելով՝ խաղաղ բնակիչների տառապանքների համար հավասարապես մեղադրելով երկու կողմերին և հրաժարվելով տեսնել ակնհայտը՝ լրագրողուհին չի նկատել, որ ընկել է հավասարության սեփական ծուղակը: Քանզի հարցին, որ նա առաջադրել էր 19-ամյա վաղեմության իր հոդվածի վերջում, պատասխանում է իր նոր հոդվածում՝ չնկատելով ու չհասկանալով դա:
Բացատրեմ: 1992թ.-ի՝ «Ես նրանց հետ էի գնում» վերնագրով ռեպորտաժի մեջ Վիկտորյա Իլևան ազնիվ կերպով նկարագրում է այդ սարսափելի օրերի բոլոր մանրուքները. ինչպես էր նրա հերոսուհին բոբիկ ոտքերին կրկնակոշիկներ հագած՝ քայլում ձյան վրայով, ինչպես էին նրա երկու երեխաները հետ ընկնելով՝ հետևում մորը… 2011թ-ի մարտի 9-ի հոդվածում պարզվում է, որ երեխաներն արդեն չորսն են, սակայն դա էական չէ, կարևորն, անխոս, Մավլյուդա-Մեհրիբանի և նրա ընտանիքի ճակատագիրն է, որն արժանի է ցանկացած կարեկցանքի, ինչպես և յուրաքանչյուր անմեղ մարդու ճակատագիր, որ պատերազմի զոհ է դարձել: Նման ճշմարտությամբ Իլևան նկարագրում է ղարաբաղցիների՝ գերված մսխեթուհու և նրա երեխաների հանդեպ մարդկային վերաբերմունքը: Ի դեպ, 1992 թ-ին լրագրողուհու կողմից արված և «Նովայա գազետայում» հրապարակված լուսանկարներում Խոջալուի բնակիչների երեխաներին հայ զինվորները գրկած են տանում:
Ընդ որում, հոդվածի հեղինակը ոչ այն ժամանակ, ոչ էլ հիմա ցանկություն չունի խորհելու տարրական մի հարցի շուրջ. ինչու՞ էին ծննդաբերել պատրաստվող կնոջը, որը նաև բազմազավակ մայր էր, մնացյալ մսխեթցիների հետ թողել շրջապատված քաղաքում, որի վրա պատրաստվելիք հարձակման մասին ադրբեջանական ղեկավարությունը քաջատեղյակ էր: Ինչո՞ւ բնակիչներին տարահանելու քաղաքի ղեկավարության բազմաթիվ խնդրանքները ոչ մի արձագանք չգտան Բաքվում: Սրա փոխարեն Իլևան փարիսեցիաբար բացականչում է. «օդանավակայանն ավելի թանկ է, քան մարդկային կյանքերը», չցանկանալով ընդունել, թե իրապես ինչ նշանակություն ուներ օդային կապը՝ շրջափակման մեջ շնչահեղձ լինող, ցրտից, սովից ու ռմբակոծություններից դանդաղորեն մահացող Ստեփանակերտի և ողջ Արցախի բնակչության համար… Իլևային այդ հարցերը չեն հետաքրքրել այն ժամանակ, ինչպես և չեն հետաքրքրում այսօր:
Սակայն, 1992 թվ-ի իր հոդվածում նա փաստորեն պատասխանում է դրանց, նկարագրելով, որ երկու օրից հայերը բաց են թողնում գերի խոջալուեցիներին. «Երկու օրից թուրքերին բաց թողեցին: Հասցրին մինչև ճակատային գիծ՝ Ասկերանի շրջան, ցույց տվեցին ճանապարհը և՝ «Քայլե՛ք» ասացին : Ճիշտ է, բոլորին ազատ չարձակեցին՝ 10 տղամարդու պատանդ թողեցին: Չնայած, ըստ հայերի խոստովանության, նրանցից օգուտ չկա. այդ պատանդներին անգամ բենզինի մեկ սակառ հետ չես կարող փոխանակել: Նրանք ոչ մեկի պետք չեն, նրանք ոչ մեկինը չեն»:
Հենց այդպես, քաղաքացիուհի Իլևա՝ նրանք ոչ ոքի պետք չէին, և առաջին հերթին պետք չէին Ադրբեջանի ղեկավարությանը: Այդ իսկ պատճառով բաքվեցի քաղաքական գործիչների համար փոխանակվող մանրադրամ դարձան և հայտնվեցին կեղտոտ քաղաքական խաղերի առաջնամասում, որ հղացել էին ադրբեջանացի քաղաքական գործիչները հանուն իշխանության, և հայերին ամեն կերպ սևացնելու, անգամ ՝այդ մարդկանց տանջանքի ու արյան գնով: Հակառակ դեպքում ինչո՞ւ Խոջալուի անմեղ զոհերի համար «սգացող» Բաքվում ոչ ոք չմտածեց գերեվարված մսխեթցիների փոխանակման մասին: Եվ ինչու՞ հայերը, որոնց չեն դադարում մեղադրել խաղաղ բնակչության «դաժան գնդակահարության» համար, ոչ միայն նրանց նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերեցին, այլ նաև՝ ազատ արձակեցին:
Այսօր արդեն ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ մսխեթցի թուրքերը հատուկ էին բնակեցվել Խոջալույում, որի վրա պատերազմական պայմաններում հարձակումն ուղղակի անխուսափելի էր:
Ոչ միայն օդանավակայանն էր այստեղ, որ շրջափակված Արցախի համար կենսական անհրաժեշտություն էր, այլ կրակակետ դարձած բնակատեղիից զանգվածային կրակոցներ էին արձակվում Ստեփանակերտի վրա: Վիկտորյա Իլևան ինքն է ընդգծում, որ հերթական տարահանումից հետո մսխեթցիներն «ադրբեջանական իշխանությունների կողմից բնակվելու էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ տարածք, ուր մարտական գործողություններ էին»: Մսխեթցիները, որ ոչ մեկին պետք չէին, այն ժամանակ՝ 1992-ին, ադրբեջանական իշխանությունների քաղաքական պատվամոլությանը զոհաբերվեցին: Բայց միթե՞ միայն այն ժամանակ:
Իսկ հիմա ամենակարևորը, որ անհերքելի փաստերի և հանգամանքների մեջ չխորանալու իր համառ ցանկության պատճառով Իլևան չի նկատել: Հարցն այն է, որ 19 տարի անց բաքվեցի գործընկերները մսխեթցի Մավլյուդա-Մեհրիբանին գտան Աղջաքենտ գյուղում: Չգիտես ինչու, այդ մասին տեղեկացնող լրագրողը գրում է, որ այդ գյուղը տեղակայված է «Նաֆթալանի շրջանում»: Մինչդեռ Ադրբեջանում նման շրջան ուղղակի չկա. կա միայն Նավթալան առողջավայր: Արդյո՞ք պատահականորեն սխալվեց Իլևայի բաքվեցի գործընկերը: Հնարավոր է, բայց հնարավոր է՝ և ոչ: Քանի որ Աղջաքենտ գյուղը նախկին Վերինշեն հայկական գյուղն է, որի բնակիչները, տասնյակ այլ հայկական գյուղերի թվում, բռնի տեղահանվել են 1991թ.-ին՝ չարաբաստիկ «Կոլցո»(շղթա,“Кольцо”) գործողության ժամանակ: Եվ գյուղն այդ գտնվում է Ադրբեջանի Գերանբոյի շրջանում, նախկին Կասում-Իզմայիլովյան, իսկ ավելի ճիշտ՝ նախկին հայկական՝ Շահումյանի շրջանում, որը 1991թ.-ի հունվարին բռնի կերպով միացվեց Գերանբոյի շրջանին, որպեսզի այնտեղ ադրբեջանական մեծամասնություն ստեղծվի և թույլ չտրվի, որ Ղարաբաղի հետ միասին դուրս գա Ադրբեջանի կազմից:
Այսպիսով, «ոչ մեծ Աղջաքենտ գյուղը», որտեղ այսօր ապրում է մսխեթցի Մավլյուդա-Մեհրիբանը, Արցախի հանրապետության բռագրավված տարածքներն են, նախկին Վերինշենը՝ երբեմնի 5 հազար բնակիչ ունեցող ծաղկող հայկական գյուղը: Հետևությունները կարծում եմ, ակնհայտ են: Մսխեթցիներին կրկին վառոդի տակառի վրա են բնակեցրել: Քանի որ Արցախի դեմ Ադրբեջանի կրկնվող ագրեսիայի դեպքում առաջին հերթին հենց այդ տարածքներն են հարվածի տակ հայտնվելու. դրանք հեշտությամբ են ընկնելու հրետանային կրակոցների տակ: Եվ ԼՂՀ Պաշտպանության բանակը առաջին հերթին հենց իր այդ տարածքներն է ձգտելու ազատագրել: Բաքվում դա չհասկանալ չեն կարող, այդ իսկ պատճառով չեն կարող կասկածներ լինել այն մասին, որ այսօր էլ դա մտադրված կեպով է արվել, ինչպես 80-ականների վերջին, երբ դժբախտ Մեսխեթցի թուրքերին բնակեցրին ռազմավարական կարևոր բնակավայր հանդիսացող Խոջալույում, իսկ հետո գիտակցաբար լքեցին՝ թողնելով բախտի քմահաճույքին: Այսօր ևս նրանք կարող են հայտնվել հնարավոր պատերազմի սույր ծայրին, որի մասին ամեն օր փող է հնչեցնում Բաքուն: 92-ի մարտի իր հոդվածում Վիկտորյա Իլևան գրել էր. «Գերված թուրքերն ամենասարսափելի էր, որ այն օրերին ես տեսա Խոջալույում: Դրանք մարդիկ էին, որ երեք տարի առաջ Ուզբեկստանից փախել ու ադրբեջանական իշխանությունների կողմից բնակվելու էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ տարածք, ուր մարտական գործողություններ էին: Խոջալուից վտարվածների մեջ ծեր կանայք կային, որոնք պետք է հիշեին 1944 թվականի Վրաստանից աքսորը: Այժմ նրանց երրորդ արտաքսումը եղավ…Վերջի՞նը»: Հարցը, ցավոք, հռետորական չէ: Քանի որ այսօր ևս կան մարդիկ, այդ թվում և այս պատմության հերոսուհին, որ ոչ մեկին պետք չեն: Իսկ դա նշանակում է, որ նրանց կրկին կարող են զոհաբերել: Դա հասկանալ չուզենալը, գլուխը ավազի մեջ խրելը, բացարձակապես կոնկրետ իրավիճակում վերացական հումանիստական լոզունգներով ծածկվելը՝ նշանակում է թեկուզ և ակամա՝ հովանավորել բաքվեցի ռազմավարների նոր հրեշային պլանները: Նրանց, ովքեր ժամանակին մտածել ու իրականացրել են «խոջալուն»:
Մարինա Գրիգորյան
Այլ նյութեր՝
Ադրբեջանցիների վկայոիտյունները
Այազ Մութալիբով՝ Հոգուս մեջ ես մարդասեր եմ
«Ինձ հրամայեցին անմիջապես զեկուցագիր գրել և արձակուրդ վերցնել»
Ո՞վ է Մուստաֆաևը՝ հերոս թե կեղծարար
Այն, ինչ ցույց են տալիս, Խոջալուն չէ