
Նկարահանման համար ես Ստեփանակերտ ժամանեցի փետրվարի 25 -ին: Ինչպես պարզվեց՝ հենց իրադարձությունների ժամանակ: Այդ գիշեր հայկական ջոկատները գրոհել էին Խոջալու գյուղի վրա, որտեղից ադրբեջանական ուժերը գնդակոծում էին Ստեփանակերտը և որտեղ գտնվում էր Լեռնային Ղարաբաղի միակ օդանավակայանը:
Ես հարձակվողների երկրորդ շարասյան կազմում բժիշկների հետ էի գնում: Խոջալուից մի քանի կիլոմետր հեռավորության վրա հանկարծ տեսանք, որ մթության մեջ ամպ հիշեցնող ինչ-որ բան է դեպի մեզ շարժվում: Տնքոցներ, ադրբեջաներենով ու հայերենով աղաղակներ, հայհոյանքներ: «Ամպը»՝ մարդկային ամբոխ էր: Կիսահագնված մարդիկ, շատ երեխաներ…
«Մսխեթցի թուրքեր են, մենք նրանց գերի ենք վերցրել»-բացատրեցին նրանց հսկող հայ զինվորները:
Թուրքական ամբոխի վերջում երեք երեխաների հետ մի կին էր գնում: Քայլում էր բոբիկ ՝ ձյան վրայով: Նա հազիվ էր շարժվում, հաճախ էր ընկնում: Պարզվեց՝ նրա երեխաներից ամենափոքրը երկու օրական է: Երկու՜ օրական:
Ես այդ երեխային գիրկս առա և գնացի թուրքերի հետ: Երկուսս էլ արցունք էինք թափում՝ և՛ ես, և՛այդ կինը:Գիշեր էր, խառնաշփոթ… Չնայած իմ հագուստի վրա նշաններ կային, որոնց միջոցով հարձակվողները տարբերում էին միմյանց, մի երկու անգամ ինձ խփեցին հրացանի կոթով և հայհոյեցին՝ շտապեցնելով: Ես գիտեի, որ ինձ ոչինչ չի սպառնում, բայց ինչ-որ րոպեի ընթացքում ես ինձ գերեվարված զգացի: Ոչ մեկին չեմ ցանկանա:
Առավոտյան Խոջալույում էի: Գյուղը վառվում էր: Փողոցներում դիակներ էին: Ինքս անձամբ 7 զոհված համրեցի, մեկը միլիցիայի համազգեստով էր: Հետո մենք ինքներս ավտոմատային կրակահերթի տակ ընկանք: Տներից մեկում դիրքավորված ադրբեջանցի օմոնականներն էին: Այդ տան մոտ մարտը մինչև երեկո ձգվեց և հայկական կողմի համար ավարտվեց երկու զոհյալով և մի քանի վիրավորվածներով: Ի՞նչ պատահեց ոստիկաններին՝ զոհվեցին, թե՞ մթնշաղի մեջ կարողացան փախչել, ես դա չգիտեմ:
Խոջալույի գրոհի ժամանակ 366-րդ մոտոհրաձգային գնդի զինվորներ ես չտեսա: Բայց սեփական աչքերով եմ հետևել գրոհին նախորդող բանակային զրահատեխնիկային և կրակոցներին:
… Երկու օրից թուրքերին բաց թողեցին: Հասցրին մինչև ճակատային գիծ՝ Ասկերանի շրջան, ցույց տվեցին ճանապարհը և՝ «Քայլե՛ք» ասացին : Ճիշտ է, բոլորին ազատ չարձակեցին՝ 10 տղամարդու պատանդ թողեցին: Չնայած, ըստ հայերի խոստովանության, նրանցից օգուտ չկա. այդ պատանդներին անգամ բենզինի մեկ տարայիհետ չես կարող փոխանակել: Նրանք ոչ մեկի պետք չեն, նրանք ոչ մեկինը չեն:
Նրանց հսկող զինվորները թուրքերի հանդեպ մարդկային էին վերաբերվում: Ղարաբաղյան դիմադրության ղեկավարներից մեկը՝ Ժաննա Գալստյանը, երեխաների համար իրեր էր բերել: Գուցե՞ ղարաբաղցի հայերն զգում են, թե որքան է մսխեթցիների ճակատագիրը նման իրենց սեփական վիճակին:
Գերված թուրքերն ամենասարսափելի էր, որ այն օրերին ես տեսա Խոջալույում: Դրանք մարդիկ էին, որ երեք տարի առաջ Ուզբեկստանից փախել ու ադրբեջանական իշխանությունների կողմից բնակվելու էին ուղարկվել Լեռնային Ղարաբաղ՝ տարածք, ուր մարտական գործողություններ էին: Խոջալուից վտարվածների մեջ ծեր կանայք կային, որոնք պետք է հիշեին 1944 թվականի Վրաստանից աքսորը: Այժմ նրանց երրորդ արտաքսումը եղավ…Վերջի՞նը:
Աղբյուրը՝ «Մոսկովսկի կոմսոմոլեց»("Московский Комсомолец"), մարտ 1992 թ.
Համեմատել 2010 թվականի Vesti.Az –ի հարցազրույցի հետ у