
«Կարծելով ադրբեջանուհի եմ՝ ինձ հարվածեցին ավտոմատի կոթով»
20:10 25-02-2010
Vesti.Az –ի բացառիկ հարցազրույցը ռուսական «Նովայա գազետայի»(«Новая газета») հատուկ թղթակից Վիկտորիա Մարկի Իվլևայի հետ, որը 1992թ.-ի փետրվարին եղել է հայերի կողմից գրավված Խոջալու քաղաքում
-Ինչպե՞ս Դուք հայտնվեցիք հայերի կողմից զավթված Խոջալու քաղաքում:
-Հիմա հստակ չեմ հիշում, թե ինչպես եմ հայտնվել Խոջալույում: Սակայն, կուզենայի նշել, որ մարտական գործողությունների ժամանակ որպես ազատ լրագրող մեկ անգամ չէ, որ եղել եմ Լեռնային Ղարաբաղում, ընդ որում, և՛ ադրբեջանական, և՛ հայկական կողմերում: Բայց Խոջալույի գրավման ժամանակ ես հայկական կողմում էի: Ուզում եմ միանգամից ասել, որ մահացած մարդկանց, որ իր ռեպորտաժում ցույց է տվել Չինգիզ Մուստաֆաևը, ես չեմ տեսել, քանի որ քաղաք մյուս կողմից եմ մտել:
-Ի՞նչ եք տեսել հայերի կողմից գրավված քաղաքում: Տեսե՞լ եք արդյոք քաղաքում մնացած խաղաղ բնակիչներին:
- Ես քաղաքում իրապես խաղաղ բնակիչներ տեսա , բայց դրանք ադրբեջանցիներ չէին, այլ մսխեթցի թուրքեր, որոնց այնտեղ էին վերաբնակեցրել Լեռնային Ղարաբաղում ամենաթեժ մարտական գործողությունների ժամանակ: Փետրվարի 26-ի վաղ առավոտն էր: Ես լավ հիշում եմ, թե ինչպես էին հայ զինվորականներն այդ մարդկանց դուրս հանում տներից: Այնտեղ մի կապուտաչյա կին կար, անունը՝ Մուսլյուդա: Նա հինգ երեխա ուներ, ընդ որում, ամենափոքրը՝ մեկ օրական էր: Այսինքն, երեխան ծնվել էր Խոջալույի գրավումից ընդամենը մեկ օր առաջ: Փաստացիորեն, մարդիկ առանց հագնվելու էին, հասցրել էին բոբիկ ոտքերը կրկնակոշիկները մտցնել: Որպես գերիների՝ մարդկանց ինչ-որ տեղ քշեցին, ես նրանց հետ գնացի: Ես այն փոքրիկին գիրկս առա և որպեսզի ինչ-որ ձևով տաքացնեմ նրան ՝ մտցրի բաճկոնիս տակ: Գերիների ամբոխում հիմնականում կանայք ու երեխաներ էին, ինչպես նաև մի քանի ծեր: Ձիուն հեծած, զենքը ձեռքին մի մարդ ինձ մոտեցավ և ավտոմատի կոթով ուժեղ հարվածեց մեջքիս՝ կարծելով, թե ադրբեջանուհի կամ մսխեթցի թուրք եմ: Այդ րոպեին ես զգացի, թե ինչ է անազատությունը:
-Դուք չգիտե՞ք, թե ի՞նչ պատահեց այդ մարդկանց:
-Գերիներին ինչ-որ տան մեջ էին պահում: Ես տեսել եմ, որ նրանց կերակրում էին: Իսկ հետո նրանց հայ գերիների հետ փոխանակեցին: Ես ինքս եմ տեսել, թե ինչպես փոխանակեցին: Ես անգամ Մուսլյուդային մի քիչ փող տվեցի: Դրանից հետո ես նրան այլևս չտեսա: Չնայած, շատ կուզեի կրկին հանդիպել, տեղեկանալ, թե հետագայում նրա ճակատագիրն ինչպես դասավորվեց:
-Հայերի կողմից զավթված Խոջալու քաղաքում տեսե՞լ եք 366-րդ ռուսական գնդի զինծառայողներին, որոնք մասնակից էին զավթմանը:
-Չգիտեմ, կային այնտեղ արդյոք ռուս զինվորականներ: Այնտեղ բոլորը ռուսերեն էին խոսում, և անհնար էր որոշել, թե նրանցից ո՞վ էր ռուսը, և ո՞վ՝ հայը:
-Դուք հիշատակեցիք, որ եղել եք նաև ադրբեջանական կողմում…
-Այո, ես եղել եմ և՛ Ստեփանակերտում(Խանքենդի), և Շուշիում՝ նրա գրավումից քիչ առաջ: Շուշիում մի դեպք եմ հիշում: Մենք՝ լրագրողներս, տեղական ինչ-որ պաշտոնյայի ընդունելությանն էինք սպասում, եթե չեմ սխալվում՝ քաղխորհրդի թե շրջխորհրդի ղեկավարի. հիմա շատ դժվար է հիշել: Այսպես ուրեմն, հենց այն ընթացքում, երբ մենք սպասում էինք ընդունարանում, այդ պաշտոնյայի կաբինետ ինչ-որ մի մարդ մտավ և գնդակահարեց նրան: Միանգամից մեզ բոլորիս բռնեցին: Ամենաշատը տուժեց այժմ հայտնի լրագրող Սավիկ Շուստերը: Ադրբեջանցիները կարծում էին, թե նա հայ է: Անխուսափելի դատաստանից նրան փրկեցին կանադական անձնագիրն ու նրա գոչյուններն այն մասին, որ ինքը բոլորովին հայ չէ, այլ՝ հրեա:
Ուզում եմ ասել, որ Ղարաբաղն իմ կյանքի գլխավոր դպրոցը դարձավ: Ես երկու կողմի տառապանքներն էլ տեսել եմ. անկախ իրենց ազգային պատկանելիությունից՝ մարդիկ նույն տառապանքն են կրում: Բայց Խոջալուն մեծ վերք է ադրբեջանցիների համար:
Վիկտորիա Իվլևա. Vesti.az
2010 թվականի հարցազրույցը տարբերվում է նրանից, որ Իվլևան գրել է «տաք հետքերով» և թարմ հիշողություններով:
Համեմատել 1992 թվականի հրապարակման հետ
Նայել նաև՝ «Վերջի՞նը չէ»