
Օրերս Ադրբեջանի առաջին նախագահը ռուսական հեռուստաալիքներից մեկին չափազանց հետաքրքիր հարցազրույց է տվել, որտեղ պատմվում է, թե ինչպես է երկրի անկախությունը հայտարարած առաջին նախագահը ապրում Մոսկվայի ծայրամասում գտնվող պետական բնակարանում, առանց անձնագրի և գոյատևման միջոցների:
Սովորական մի փախստական, փառավոր անցյալով և մշուշոտ ապագայով: Ադրբեջանում նախկին առաջնորդների նկատմամբ հենց այսպիսի վերաբերմունք են ցուցաբերում, երբ իշխանությունը անցնում է ուրիշների ձեռքը:
Տեսանյությում ասվում է. «Ադրբեջանում իշխող կլանը արեց ամեն ինչ, որպեսզի քաղաքացիները իրենց երկրի հիմնադիր համարեն Հեյդար Ալիևին և մոռանան, որ իրենք ունեցել են առաջին նախագահ: Արդեն 15 տարի է, ինչ Մութալլիբովը գտնվում է հետախուզման մեջ իր հայրենիքում: Հեյդար Ալիևը նրան մեղադրեց պետական հեղաշրջում կազմակերպելու համար: Մութալլիբովը հերքում է բոլոր մեղադրանքները, սակայն հայրենիք չի այցելում, որպեսզի չհայտնվի բանտում: Հայրենիքում նա համարվում է թշնամի, և նրան նույնիսկ Մոսկվայի ադրբեջանական համայնքի շարքերը չեն ընդունում»:
«Նա Մոսկվա փախավ իր հրաժարականից երկու ամիս և նախագահական պալատ վերադառնալու անհաջող փորձից երկու օր հետո: Երբ ընդդիմության զինված կողմնակիցները դուրս եկան փողոց նախագահի հրաժարականի պահանջով, Մութալլիբովը գնաց ռուսական ռազմական օդանավակայան և, լքելով ընտանիքը Բաքվում, փախավ երկրից: Այժմ նա չի սիրում խոսել այդ մասին, սակայն փաստը մնում է փաստ՝ նա գերադասեց փրկվել, և միայն մի քանի օր հետո ընկերները նրա ընտանիքը Մեքենաներով հասցնում են Դաղստան, իսկ այնտեղից՝ Մոսկվա: Այդ օրվանից նա փախստական է՝ Ռուսաստանի հյուրը, Ադրբեջանի և Հայաստանի թշնամին»:
«Խոջալուի ողբերգության ողջ բացասական լիցքերը կենտրոնացան ինձ վրա: Ես ստիպված էի ամբողջ պատասխանատվությունը վերցնել ինձ վրա, չնայած որ ոչ մի բանում մեղավոր չէի», - նշեց Մութալլիբովը իր հարցազրույցում:
Հիշեցնենք, որ 1992թ. ապրիլին «Նեզավիսիմայա գազետա» թերթում Այազ Մութալլիբովը հարցազրույց տվեց չեխ լրագրող Դանա Մազալովային, որից հետո նա դարձավ հալածանքների թիրախ իր հայրենիքում: Պատճառը առաջին նախագահի չափից դուրս անկեղծությունն էր, որը նաև նրա իմպիչմենտի առիթ հանդիսացավ: Հարցազրույցի ժամանակ պարզ դարձավ, որ Խոջալուի դեպքերի ադրբեջանական տարբերակը հենց ադրբեջանցիների կողմից լավ կազմակերպած սադրանք էր:
Ալիևների կլանը չներեց նրան այդ անկեղծության համար:
«Նեզավիսիմայա գազետա», 2.04.92.
Այազ Մութալլիբովի չեխ լրագրող Դանա Մազալովային տված հարցազրույցից մի հատված:
Հարց՝ Ինչ եք մտածում Խոցալուի դեպքերի մասին, որոնցից հետո Դուք հրաժարական տվեցիք: Խոջալուի բնակիչների դիակները գտնվել էին Աղդամից ոչ հեռու: Ինչ որ մեկը սկզբից կրակել էր նրանց ոտքերին, որպեսզի նրանք չկարողանան փախչել: Այնուհետև գործը ավարտին էր հասցրել կացնով: Փետրվարի 29-ին իմ գործընկեները նկարահանում էին դիակները: Սակայն մարտի 2-ին նոր նկարահանումների ժամանակ դիակների գանգամաշկերը հանած էին:
Շատ տարօրինակ մի խաղ էր…
Պատասխան՝ Ինչպես նշում են Խոջալուի փրկված բնակիչները, ամեն ինչ կազմակերված է եղել իմ հրաժարականի առիթ ստեղծելու համար: Ինչ որ ուժ գործում էր նախագահին հատուկ վարկաբեկելու ուղղությամբ: Ես չեմ կարծում, որ այսպիսի իրադրությունների ժամանակ շատ խելացի և հստակ կողմնորոշվող հայերը թույլ կտային, որպեսզի իրենց ֆաշիստական գործողությունները մերկացնող փաստաթղթերը հայտնվեին ադրբեջանցիների ձեռքերում: Կարելի է ենթադրել, որ ինչ որ մեկին ձեռնտու էր հետագայում ցույց տալ այս կադրերը զինված ուժերի նիստի ժամանակ և կենտրոնացնել ամեն ինչ իմ անձի շուրջ:
Եթե ես ասեմ, որ ամեն ինչում մեղավոր էր ընդդիմությունը, կասեն, որ ես բանբասում եմ: Սակայն հստակ կարելի է ասել, որ միջանցքը, որով մարդիկ կարող էին հեռանալ, հայերի կողմից բացվել էր: Այդ դեպքում ինչու պետք է նրանք կրակեին: Առավել ևս Աղդամի մոտակայքում բավականաչափ ուժեր էին տեղակայված, որոնք կարող էին դուրս գալ և օգնել մարդկանց: Կամ ուղղակի համաձայնության գալ, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա: Այդպիսի պրակտիկա միշտ գոյություն է ունեցել:
Ինձ անընդհատ ասում էին, որ Խոջալուի բնակիչները դիմանում են, սակայն նրանց պետք է օգնել մարդկանցով, զենքով և սննդամթերքով: Ես կարգադրեցի հասցնել օգնությունը ուղղաթիռներով: Սակայն, ինչպես ինձ էին բացատրում, օդաչուները հրաժարվում էին թռնել այնտեղ, քանի որ նրանց մոտ ստինգերներից փախչելու համար հատուկ սարքավորումներ չկային: Այսպես անցավ մի ամբողջ շաբաթ: Այնտեղ մոտակայքում տեղակայված էր Աղդամի խմբավորումը, որը պետք է հետևեր իրադարձությունների զարգացմանը: Հենց որ ռազմական տեխնիկան պաշարեց Խոջալուն, պետք էր անմիջապես տեղահանել բնակչությանը: Ավելի վաղ ես նման հրաման էի տվել Շուշիի համար՝ տղամարդկանց պահել, իսկ կանանց և երեխաներին տեղահանել: Դա նույնպես պատերազմի օրենքներից է. պետք է փրկել նրանց: Իմ վարքը շատ օբյեկտիվ էր. ես տալիս էի նման հրամաններ, սակայն ինչու այդ հրամանները չկատարեցին Խոջալուում, ես չգիտեմ: Իմիջիայլոց այդ ժամանակահատվածում ես մի քանի անգամ խոսել եմ ԼՂՀ զինված ուժերի ղեկավար Մկրտչյանի հետ: Ես ասում էի. «Դուք հազարավոր մարդկանց եք սպանել: Հնարավորություն տվեք մեզ վերցնել նրանց դիակները»: Սակայն նա պատասխանում էր, որ նրանց մոտ ոչ մի դիակ չկա, այլ կան մեր մարդիկ, որոնց նրանք կերակրում են, չնայած սննդամթերքի սղությանը, և պատրաստ են փոխանակել նրանց իրենց գերիների հետ:
Հարց՝ Երբ Ձեզ տեղյակ պահեցին զոհվածների մասին:
Պատասխան՝ Մի օր հետո, երբ հաղորդեցին, որ Խոջալուում ընդհամենը մի քանի մարդ է զոհվել: Ինֆորմացիան եկավ ներքին գործերի նախարարից:
Հարց՝ Ով է պատասխանատու այդ ինֆորմացիայի համար:
Պատասխան՝ Ինքը նախարարը: Այդ ժամանակ արդեն ստեղծվել էր մամլո ծառայություն նաև պաշտպանության նախարարությունում: Ուղղաթիռի հետ կապված պատմությունից հետո մենք պայմանավորվեցինք, որ ոչ մեկ չի հաղորդի չճշտված ինֆորմացիա:
Հարց՝ Դուք համարում եք, որ վարչապետ Հասան Հասանովը նույնպես պատասխանատվության իր բաժինն ուներ:
Պատասխան՝ Կառավարության ղեկավարը, իհարկե, ամեն ինչի համար պատասխանատու է, չնայած որ նա դրանից հրաժարվում էր, ասելով, որ նա չի զբաղվում նման հարցերով: Սակայն կառավարությունը մնում է կառավարություն: